Ադրբեջանը չի միացել ԱՊՀ շրջանակներում կազմված համաձայնագրին
Այսօր Ազգային ժողովում քննարկվեց 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
Նախագծի հիմնական զեկուցող, Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն ասաց, որ համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդավայի և Տաջիկստանի Հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը։
«Ներկայումս համաձայնագիրը, բացառությամբ ՀՀ-ի, վավերացրել են բոլոր երկրները։ Համաձայնագրի նպատակն է՝ ուսումնառության ուղարկված մասնագետների պատրաստման գործում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը՝ ապահովելով ահաբեկչության դեմ պայքարի և դրա հետևանքների նվազագույն դարձնելու ոլորտում մասնագետների գիտելիքների խորացումը, հմտությունների և ունակությունների կատարելագործումը, ինչպես նաև մասնակից երկրների հակաահաբեկչական միջոցառումների փորձի փոխանակումը։ Պայմանագիրը քննարկվել է Սահմանադրական դատարանում, ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,- նշեց Ա. Հարությունյանը։
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ճշտեց՝ արդյո՞ք Ադրբեջանը, լինելով ԱՊՀ անդամ, չի միացել այդ համաձայնագրին։ Հիմնական զեկուցողը հաստատեց՝ չի միացել։