«Չի կարելի՝ ոչ պրոֆեսիոնալին Ոստիկանության քոլեջում սովորածի հետ նույն ծրագրով վերապատրաստես». Գագիկ Ջհանգիրյան
«Իհարկե, մեր այս դեմոգրաֆիկ պրոցեսները բոլորիս մտահոգում են, և, կարծեմ, այս նախագիծը պարտադրված, ստիպված քայլ է, և լավ օրից չէ, որ մենք այսօր նման խնդիր ենք քննարկում»,- այսօր Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։
«Ենթադրենք, մենք այսօր հանում ենք այս սահմանափակումները և ոչ պրոֆիլային կրթություն ունեցող անձանց բոլոր խմբերում թույլ ենք տալիս։ Չե՞ք կարծում, որ մենք այստեղ պետք է փորձաշրջանների համար կրթություն չունեցողների համար մի քիչ բովանդակային փորձաշրջան ունենանք, ինչպես նաև այս խմբերի համար լինի վերապատրաստում։ Չի կարելի՝ ոչ պրոֆեսիոնալին Ոստիկանության քոլեջում սովորածի հետ նույն ծրագրով վերապատրաստես, կամ փորձաշրջան անցնի»,- հայտարարեց պատգամավորը։
Ի պատասխան՝ հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ օրենքը 6-ամսյա ժամկետով փորձաշրջան, վերաորակավորում է նախատեսում, որի արդյունքների հիման վրա է որոշում կայացվելու. «Խոսքը գնում է միջին և կրտսեր խմբի մասին, ավագ և գլխավոր խմբերի մասին դրսից ընդունելության խոսք չի գնում, իսկ ինչ վերաբերում է ձեր այն նկատողությանը, որ նրանց պետք է առանձին ծրագրով կրթել, հենց այդպես էլ կա, մեր ակադեմիային և քոլեջին հանձնարարվել է հատուկ ծրագրեր մշակել։ Նրանք, բացի այդ վեց ամիսը՝ անցնելու են նաև պրակտիկա տեղերում, և հետո նոր որոշվելու է նրանց հետագա ծառայության հարցը»։