«Պարտադի՞ր է՝ անընդհատ մարդուն մեռած ցույց տան, արյունոտ ցույց տան». Պատգամավորը խնդրում է՝ դժբախտ պատահարներից «կինո չնկարել»
«Այս բնագավառում իմ 36 տարվա փորձից ելնելով՝ կարող եմ ձեզ հավաստիացնել, որ երբևիցե նման բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել մեր աշխատակիցների համար՝ իրենց գործունեությունը ծավալելու»,- այսօր Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ իրենք աշխատելու համար ունեն ամուր օրենսդրական հիմքեր, ղեկավարություն, որն աջակցում է բոլոր հարցերում, տեխնիկական հնարքների հնարավորություն. «Երբևիցե Ոստիկանությունը չի եղել այսպես տեխնիկապես ապահովված, հագեցած։ Ունենք նյութատեխնիկական ամուր բազա»։
Պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն էլ հայտարարեց, որ շատ քաղաքացիներ բողոքում են, որ մարդասպանությունները, դժբախտ դեպքերն անընդհատ հեռուստատեսությամբ ցուցադրվում են տարբեր ալիքներով մի քանի անգամ.
«Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով հեռուստատեսությունը լցնել։ Պարտադի՞ր է՝ անընդհատ մարդուն մեռած ցույց տան, արյունոտ ցույց տան։ Խնդրում եմ՝ կա՛մ մի քիչ քչացնել այդ երևույթները, կա՛մ մի քիչ պարկեշտ ձևով ցույց տան, թող հաղորդեն, բայց ցույց չտան, ամեն երևույթի հետ կապված՝ կինո են նկարում»։ Վ. Եղիազարյանն էլ պատասխանեց, որ Ոստիկանության լրատվականն այդ առումով շատ զուսպ է։
«Ես նկատի ունեմ, որ Ոստիկանությունը սահմանափակում դնի, որ նման բաներ չկարողանան անեն»,- պարզաբանեց Ա. Պետրոսյանը։ Վ. Եղիազարյանն էլ պատասխանեց, որ իրենք օժտված չեն նման լիազորություններով. «Այստեղ ավելի շատ ձեր խնդիրը կա»։