
Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանն ու Ղազախստանը երկաթուղային ոլորտի նոր հուշագիր են ստորագրել

«Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ-ում երեկ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Ղազախստանի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչների միջև, հայտնում է ադրբեջանական Report կայքը։
Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել է «Վրացական երկաթուղային ճանապարհներ»-ի գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն։
Կողմերը քննարկել են Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարները, բեռնափոխադրումների ծավալի ավելացման հարցերը և սակագների օպտիմալացման հարցը։
Հանդիպման ավարտին կողմերն ստորագրել են փոխըմբռնման մասին հուշագիր։
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարության ավարտից հետո միջանցքի բեռնափոխադրման ծավալների հնարավորությունը կավելանա, իսկ բեռնափոխադրման ժամկետները կկրճատվեն։