Բաժիններ՝

«Ամերիկյան օգնությունը Ղարաբաղում կյանքեր է փրկում». Արայիկ Հարությունյան. «Ամերիկայի ձայն»

«Շնորհակալություն ձեզ փրկված կյանքերի համար»,- «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը հնարավորություն ուներ անձամբ շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած Ղարաբաղին նվիրված միջոցառման ընթացքում: Արայիկ Հարությունյանի խոսքով, Միացյալ Նահանգների՝ միլիոնավոր դոլարների հասնող օգնությունը Ղարաբաղում բարձր է գնահատվում.

«Դա միակ օտարերկրյա պաշտոնական աջակցությունն է Ղարաբաղի ժողովրդին: Այդ մարդասիրական օգնության շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բազմաթիվ ենթակառուցվածքներ վերանորոգվել»:

Հարությունյանն ընդգծում է, Միացյալ Նահանգների եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների արժեքային հիմքերը՝ մարդու իրավունքների, կյանքի եւ ազատությունների գերակայությունը, համընկնում են.

«Ձեր աջակցությունը երբեք չի մոռացվի Արցախի երախտապարտ ժողովրդի կողմից»:

Միացյալ Նահանգների կոնգրեսականներն իրենց կողմից ընդգծեցին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու բարեկեցությունն ամերիկյան շահերից է բխում: Կոնգրեսական Ջեքի Սպիրը համոզված է, որ ԱՄՆ-ի հարաբերությունները, թե՛ Հայաստանի եւ թե՛ Ղարաբաղի հետ ապագայում էլ ավելի կամրապնդվեն.

«Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մի տարածաշրջան են ներկայացնում, որը շատ մեծ ներուժ ունի: Կարեւոր է ամուր հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ, չպայմանավորելով դրանք այլ երկրներով»:

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր կողմից ընդգծում է Ղարաբաղում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, ինչի ճանապարհին կոնգրեսականը որոշ խոչընդոտներ է տեսնում.

«Ինձ անհանգստացնում է, որ Ռուսաստանի շահերից է բխում այդ սառեցված հակամարտության պահպանումը, որպեսզի Ադրբեջանին ու Հայաստանին պահեն Ռուսաստանից կախյալ վիճակում»:

Անդրադառնալով Ղարաբաղի ժողովրդին հատկացվող ամերիկյան օգնության քաղաքական նշանակությանը, Կոնգրեսական Բրադ Շերմանն ընդգծել է.

«Երբ ոմանք ասում են, թե արդյոք Արցախի ժողովրդին ուղղակի օգնությունը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի անուղղակի ճանաչում, ես մտքումս ասում եմ՝ անշուշտ նշանակում է»:

Կոնգրեսական Ֆրանկ Փալլոնի տպավորությամբ, ով Լեռնային Ղարաբաղ մի անգամ չէ այցելել, չնայած Բաքվի պնդման, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, փաստացի այն անկախ է.

«Ամեն անգամ Լեռնային Ղարաբաղ այցելելիս, ինձ համար ակնհայտ է դառնում, որ այն ունի անկախ պետության բոլոր պարագաները. Տարածք, ժողովուրդ, իրական ժողովրդավարություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս