Կառավարությունը նոր հիմնադրամ է ստեղծում. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է մի հարց, որը վերնագրված է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին»: Հաստատվելու է նաեւ այդ հիմնադրամի կանոնադրությունը եւ հոգաբարձուների խորհրդի կազմը:
Այս տարօրինակ անվանումով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորելու է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը: Խորհրդի կազմում են նաեւ ֆիննախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը եւ «Անիվ» հիմնադրամի նախագահ Արտյոմ Կոստանդյանը: Ուսումնասիրելով կանոնադրությունը, կարելի է պնդել, որ հիմնադրամին վերապահվում են կառավարության գործառույթներ:
Նպատակների մեջ նշվում է, որ հիմնադրամը պետք է աջակցի օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը, բարձրացնի երկրի ներդրումային ունակությունները, ապահովի ֆինանսական հոսքերի արագ աճ, օժանդակի տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ այլն: Ուշագրավն այն է, որ այսպիսի մեգանպատակներ եւ այսպիսի անվանում ունեցող հիմնադրամ ստեղծելու մասին մինչ օրս ակնարկ անգամ չի եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: