
Ադելը Բեյոնսեի հետ պայքարելու է «Գրեմմի»-ի համար

Երգչուհիներ Բեյոնսեն եւ Ադելը առաջադրված են «Գրեմմի» 59-րդ երաժշտական մրցանակի չորս անվանակարգերից երեքում, որն ամեն տարի շնորհվում Է Ձայնագրության ամերիկյան ակադեմիայի կողմից: Այս մասին հայտնել է մրցանակի պաշտոնական կայքը:
Բեյոնսեն, որն արդեն 20 «Գրեմմի» ունի, այս տարի առաջատարն է անվանակարգերի թվով. դրանք ինն են: Ութական անվանակարգեր ունեն Ռիհաննան, Դրեյք եւ Քանյե Ուեսթները: Մրցանակի առաջադրված արտիստների թվում են նաեւ Ջասթին Բիբերը, Արիանա Գրանդեն, Իգգի Փոփը եւ PJ Harvey-ը:
«Տարվա երգ» կատեգորիայում անվանակարգվել են Բեյոնսեի Formation կոմպոզիցիան, ինչպես նաեւ Ադելի Hello երգը, Ջասթին Բիբերի Love Yourself-ը, Մայք Պոզների I Took a Pill In Ibiza-ն եւ Լուկաս Գրեմի 7 Years-ը:
«Տարվա ալբոմ» անվանակարգում ներկայացված են Ադելի «25»-ը, Բեյոնսեի Lemonade-ը, Ջասթին Բիբերի Purpose-ը, Դրեյքի Views-ը եւ Սթերջիլ Սիմփսոնի A Sailor’s Guide To Earth-ը:
«Տարվա ձայնագրություն» կատեգորիայում ներկայացված են Ադելի Hello-ն, Բեյոնսեի Formation-ը, Լուկաս Գրեմի 7 Years-ը, Ռիհաննայի Work-ը՝ Դրեյքի մասնակցությամբ եւ Twenty One Pilots խմբի Stressed Out-ը:
Լավագույն փոփ-ալբոմի մրցանակին հավակնում են Ադելի «25»-ը, Ջասթին Բիբերի Purpose-ը, Արիանա Գրանդեի Dangerous Woman-ը, Դեմի Լովատոյի Confident-ը եւ երգչուհի Sia-ի This Is Acting-ը:
«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հայտարարված են Քելսի Բալերինին, The Chainsmokers-ը, Chance The Rapper-ը, Մերեն Մորիսը եւ Anderson .Paak-ը:
Պարգեւատրման արարողությունը տեղի է ունենալու 2017 թվականի փետրվարի 12-ին: «Գրեմմի»-ն համարվում Է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկը: Այն շնորհվում է 1959 թվականից: Հաղթողներին քվեարկությամբ որոշում են ակադեմիայի անդամները: