«Մենք ընդունում ենք 1.5 միլիոն հայերի կոտորածները». ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներ Հայկարամ Նահապետյանի և Գայանե Չիչակյանի հարցերին, որոնք հարց են ուղղել վերջինիս՝ կապված ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերի հայտարարության հետ։
Վերջինս անցած շաբաթ Հոլոքոստը վերապրած և խաղաղության ոլորտում նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի աշխատանքին նվիրված ելույթում ափսոսանք էր հայտնել մինչև մեր օրերը շարունակվող անարդարությունների առնչությամբ։ Բացի այդ՝ շեշտել էր նաև հայերի դեմ ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:
Հայկարամ Նահապետյանի այն դիտարկմանը, թե ԱՄՆ ներկայիս վարչակարգն անցած 8 տարիներին Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար օգտագործել է «բառարանում առկա բոլոր բառերը»՝ կատարվածը նկարագրելու համար, բացի «ցեղասպանություն» եզրի կիրառումից և ինչու այդ ընթացքում չի օգտագործվել այդ բառը, Մարկ Թոները պատասխանել է, թե «ներկայիս նախագահն ու վարչակազմը, ինչպես նախորդ վարչակազմերը, շարունակ սգացել են և ընդունել, որ 1.5 միլիոն հայ է սպանվել Օսմանյան Թուրքիայում»։
«Մենք նաև կոչ ենք արել ամբողջությամբ և արդարացիորեն ճանաչել փաստերը՝ կապված տեղի ունեցածի հետ։ Դա մնում է մեր քաղաքականության մասը։ Ես չեմ ցանկանում խորանալ տերմինաբանության մեջ: Ինչպես արդեն ասացի, մենք ընդունում ենք 1.5 միլիոն հայերի կոտորածները»,- պատասխանել է Թոները։
Գայանե Չիչակյանի հարցին, թե արդյոք «ցեղասպանություն» բառը չարտաբերելը կապ ունի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների հետ, Թոները ևս մեկ անգամ կրկնել է, որ ինքն արդեն ասել է, թե որն է իրենց քաղաքականությունը։
«Մենք ընդունում ենք հայերի կյանքերի մեծ կորուստն ու տառապանքները»,- խոսքը եզրափակել է դիվանագետը։