«Եթե էլի 6 ամիս Վանաձորի ավագանու նիստ չհրավիրվի, արդեն քաղաքապետի խնդիրը կառաջանա». Փոխնախարարը՝ Էդմոն Մարուքյանին

«Արդյոք այս նախագիծը գրելուց դուք հաշվի՞ եք առել ստեղծված իրավիճակը Վանաձորում, երբ համայնքում չկա քաղաքական մեծամասնություն, սակայն կա  քաղաքապետ, որն ի զորու չէ նիստեր գումարել, և նիստեր տեղի չեն ունենում»,- այսօր Ազգային ժողովում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, հարցրեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը հիշատակեց օրինագիծը ներկայացնելիս փոխնախարարի հնչեցրած հայտարարությունը, որ 6 ամիս նիստեր չգումարվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորությունները պետք է դադարեցվեն. «Որպես մասնագետ՝ ասեք՝ ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի լուծումը, չկա մեծամասնություն, կա քաղաքապետ, չկան ավագանու նիստեր»,- հարցրեց Է. Մարուքյանը։

Ի պատասխան՝ Վ. Տերտերյանն ասաց, որ իրենք օրենքը մշակելիս չեն առաջնորդվել կոնկրետ իրավիճակներից, այլ փորձել են ընդհանուր լուծումներ տալ. «Դուք կոնկրետ իրավիճակներ եք նշում, դուք ձեր հարցի մեջ նաև պատասխան տվեցիք ինչ-որ առումով, ձեր նկարագրած դեպքը մի քիչ այլ է, նիստերը կարող են հրավիրվել, բայց չկայանալ մասնակցության առումով։ Ինչ-որ լուծումներ, այնուամենայնիվ, կգտնվեն, ինչո՞ւ եք բացառում, որ հաջորդ անգամ այդ նիստը կկայանա, կամ մի ուրիշ  անգամ՝ ինչ-որ լուծումների արդյունքում։ Չեմ ուզում առաջ ընկնել, բայց իրավիճակը պատային չէ, ինչ-որ լուծումներ կլինեն։ Վստահ եմ, որ ինչ-որ լուծում կլինի, ես չեմ տեսում այն կոնֆլիկտը կամ այն իրավիճակը, որն իսկապես տուպիկային է։ Հնարավոր  է՝ այդ կոնսենսուսը լինի»։

Ըստ փոխնախարարի՝ դա միայն Է. Մարուքյանի կարծիքն է, որ չկա մեծամասնություն, կա քաղաքապետ. «Որովհետև և՛ Վանաձորում, և՛ Գյումրիում կան քաղաքապետներ, որ գործում են, հիմա վաղը-մյուս օրը եթե այդ մեծամասնությունները չեն լինի, կքննարկվի նաև քաղաքապետի հարցը։ Քանի այդ մեծամասնությունները կան, քաղաքապետները կան»։

Է. Մարուքյանը ճշտում մտցրեց իր խոսքում՝ ասելով, որ կոնֆլիկտ այնտեղ չկա, բոլորը բոլորին շատ սիրում-հարգում են. «Կա նիստերը բոյկոտելու գործընթաց, և 3 խմբակցությունները չեն ներկայանում։ Մի անգամ է փորձ արվել նիստ գումարել, բայց հիմա փորձ չի էլ արվում։ Երբ ասում եմ՝ կա քաղաքապետ, չկա մեծամասնություն, իմ կարծիքը չեմ ասում, ես փաստն եմ ասում։ Իմ ասածն այն է, որ, եթե շարունակական լինի, և այդ նիստերը չգումարվեն, ե՞րբ է այն ժամկետը լրանում, որ կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունները, հիշեցնեմ, որ վերջին նիստը եղել է հոկտեմբերին»։

Փոխնախարարի խոսքով՝ մենք դեռևս ժամանակ ունենք. «Եթե էլի 6 ամիս չհրավիրվի, արդեն քաղաքապետի խնդիրը կառաջանա, եթե էլի 6 ամիս չհրավիրվի՝ ավագանու իրավասության խնդիրը կառաջանա, բայց դեռ մի ամիս է անցել, պետք է համբերությամբ զինվել»։

Տեսանյութեր

Լրահոս