«Մենք իրավունք չունենք միայն «խեղճի ու պահանջողի» դիրքերից խոսելու». Շիրակի մարզպետ

Երկրաշարժից 28 տարի անց շատ բան է արվել աղետի գոտում, բայց դեռ անելիքներ կան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ փաստելով, որ շատ բան արվել է, սակայն հաճախ միայն չարվածն է բարձրաձայնվում:

«Իհարկե, 28 տարին բավական երկար ժամանակ է: Սերունդ է փոխվել: Մենք փորձում ենք մեկս մյուսի աշխատանքը չգնահատելու համար քննադատություններ ներկայացնել: Մենք միշտ ներկայացրել ենք շենք-շինությունների հարցը՝ մոռանալով մարդկային ռեսուրսների կորուստները, որոնք այս  տնտեսությունը պետք է վերականգնեին: Մենք լուրջ սերունդ ենք կորցրել և այդ բացը հիմա ենք զգում: Ցավոք, 28 տարի մարդիկ սովորեցին, որ իրենց նկատմամբ պարտավորություն կա, անշուշտ կա՝ յուրաքանչյուր պետություն ու կառավարություն պարտք ունի իր ժողովրդի առջև, բայց նաև հակառակը կա՝ քաղաքացին էլ պետք է իր մասին մտածի»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Խոսելով հանրապետությունում Շիրակի սոցիալապես ամենաաղքատ մարզը լինելու մասին՝ մարզպետը նշեց, որ դա իր պատճառներն ունի:

«Այս մարզում 1988 թվականից հետո ամեն ինչ զրոյից սկսվեց՝ տնից սկսած մինչև կահավորանք ու այլ խնդիրներ, բնական է, մեծ ջանքեր է պահանջվում: Չմոռանանք նաև` եղավ կառավարման համակարգի փոփոխություն՝ սոցիալիզմից՝ կապիտալիզմի:

Կարդացեք նաև

Բնական է. վերականգման պրոցեսը երկար էր: 2017 թվականին Գյումրիում ավարտում ենք երկրաշարժի պատճառով անօթևան մնացածների բնակարանների խնդրի լուծումը, բայց, իհարկե, անօթևանության խնդիրն ամբողջովին մարզում չի լուծվի.  չմոռանանք` ընտանիքներից շատերն աճող ընտանիքներ էին և մի մասն է բնակարան տեղափոխվել, մյուսները մնացել են տնակներում, կան նաև այլ տեղերից եկած ընտանիքներ կամ այնպիսիները, ովքեր բնակարանը ստացել ու վաճառել են ու կրկին տնակում են մնացել: Ախուրյանում այս տարի ենք ավարտում բնակարանային խնդրի լուծման ծրագիրը, մնում է 19 գյուղական  համայնքում 171 անօթևան ընտանիքի խնդիր»,- նշեց մարզպետը:

Հովսեփ Սիմոնյանը նաև կարևորեց հոգեբանական փոփոխությունը: «Շատերը 28 տարվա մեջ հասկացան, որ իրենց խնդիրը իրենք են լուծելու՝ վերականգնելով նախկին հպարտությունը: Մենք իրավունք չունենք միայն «խեղճի ու պահանջողի» դիրքերից խոսելու: Մենք պետք է հպարտ լինենք ու հասկանաք, որ անելիք ունենք: Եթե անընդհատ համեմատենք անցածի՝ խորհրդային տարիների ու մինչև երկրաշարժի ժամանակաշրջանի հետ, առաջ չենք գնա»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս