Ազդեցիկ կապեր. փոխնախագահ Փենսը զանգահարում է նախագահ Սարգսյանին, իսկ Էրդողանն ու Ալիևը զանգահարում են նորընտիր նախագահ Թրամփին
Նոյեմբերի ընտրություններից շատ չանցած, ես մի հոդված էի գրել, առաջարկելով ամերիկահայերին ամեն ջանք գործադրել կապ հաստատելու համար նորընտիր նախագահ Թրամփի կամ նրա օգնականների հետ մինչև հունվարի 20-ի նախագահական երդմնակալությունը, որից հետո շատ ավելի դժվար կլինի կապվել նախագահի հետ:
Ուրախ եմ հայտնելու, որ վերջերս նման հաջող կապ ստեղծվեց գլխավորաբար Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի, և Գլենդելի Prime Health Care-ի նախագահ Մայք Սարյանի համատեղ ջանքերով, որ սերտ կապեր ունի ԱՄՆ Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Դրա արդյունքում, նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը դեկտեմբերի 1-ին զանգահարեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով նորընտիր նախագահ Թրամփին ավելի վաղ ուղղված նրա շնորհավորական նամակի համար: Ըստ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի՝ Փենսը և Սարգսյանը ընդգծել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը: «Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին»:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Փենս-Սարգսյան «հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ»: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից համապատասխանաբար նոյեմբերի 9-ին և 17-ին կատարված նորընտիր նախագահ Թրամփին հեռախոսազանգերի՝ նորընտիր փոխնախագահ Փենսի հեռախոսազանգը Սարգսյանին քաղաքականապես ավելի արժեքավոր է… Հնարավոր է, որ Թրամփն է խնդրել Փենսին զանգահարել Սարգսյանին՝ Ներկայացուցիչների պալատում նրա 10-ամյա պաշտոնավարման ընթացում հայկական հարցերին ծանոթ լինելու պատճառով: Կոնգրեսական Փենսը, որպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, 2005 թվականին քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, սակայն 2007 և 2010 թվականներին դեմ է քվեարկել համանման բանաձևերին՝ անհանգստություն հայտնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հնարավոր հետևանքների առնչությամբ:
Էրդողանի և Ալիևի մյուս անբարենպաստ վիճակն այն էր, որ նրանց հեռախոսազանգերը, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել էին միլիոնավոր դոլարներով վարձակալված վաշինգտոնյան փիար և լոբբիստական ընկերությունների միջոցով, իսկ Հայաստանը ոչ մի լումա չի ծախսել Փենս-Սարգսյան հեռախոսազրույցի համար: Այս հաջողված կապը Թրամփի նորընտիր վարչակազմի հետ ապացուցում է ամերիկյան քաղաքական կյանքում ներգրավված լինելու կարևորությունը, որ անհրաժեշտության դեպքում նման կարգադրությունների կազմակերպումը ավելի հեշտ լինի:
Բացի այդ, Թրամփի և մի շարք այլ երկրների ղեկավարների միջև հեռախոսազանգերը, ներառյալ Թայվանի, Թուրքիայի և Պակիստանի, արժանացել են ամերիկյան լրատվամիջոցների խիստ քննադատությանը: Չինաստանի ղեկավարները հիասթափված են, որ Թրամփը զրուցել է Թայվանի նախագահի հետ: ԱՄՆ ոչ մի նախագահ կամ նորընտիր նախագահ նման բան չէր արել 1979 թվականից ի վեր՝ համաձայն ԱՄՆ-ի «Մեկ Չինաստան» քաղաքականության, որը Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաս:
Թուրքիայի հետ կապված տարաձայնությունը ներառում է Իվանկա Թրամփի մասնակցությունը նախագահ Էրդողանի հետ իր հոր հեռախոսազրույցին, որը ոմանց կողմից դիտարկվում է որպես շահերի բախում: Իվանկան սերտորեն կապված է եղել Ստամբուլում «Թրամփ Թաուրների» ծրագրին և թուրք գործարար Մեհմեդ Ալի Յալչինդաղի հետ: 2012 թ. նա ներկա է գտնվել Ստամբուլում «Թրամփ Թաուրների» բացմանը: Հեռախոսազրույցի ընթացքում, Թրամփն ասել է Էրդողանին, որ ինքը և Իվանկան հիացած են նրանով և Յալչինդաղով: Թրամփի շռայլ խոսքերը նախատեսված էին մեղմելու ավելի վաղ նրա հայտարարած ծրագրերը՝ արգելելու բոլոր մահմեդական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ: Այն ժամանակ, ի պատասխան, Էրդողանը պահանջել էր Թրամփի անունը hանել Ստամբուլի «Թաուրներից»:
Նորընտիր նախագահ Թրամփը մեկ այլ վիճահարույց հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ: Հղումներ են արվում Թրամփի կողմից կատարված շռայլ գովասանքներին Պակիստանի, նրա ժողովրդի և մշակույթի վերաբերյալ, որին հետևել է ԱՄՆ կարևոր դաշնակից և Պակիստանի ոխերիմ թշնամի Հնդկաստանի շատ կոշտ պատասխանը: Սակայն, 2012 թ. Թրամփը թվիթերյան մի գրառում է արել. «Լավ hասկացե՛ք, Պակիստանը մեր բարեկամը չէ: Մենք նրանց միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ ենք տվել, իսկ ի՞նչ ենք ստացել. դավաճանություն և անարգանք, և շատ ավելի վատ բաներ: #TimeToGetTough (Ժամանակն է ավելի խիստ լինել)»:
Վերջապես, ընթերցողները հավանաբար հիշում են, որ իմ նախորդ հոդվածում ես դրական էի գնահատել Հայաստանի իշխանություններին, որոնք արգելք էին դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա, ինչը պայմանավորված էր Պակիստանի ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությամբ: Թուրքական լրատվամիջոցները տարածել էին իմ հոդվածը, սակայն սխալմամբ Հայաստանի կառավարությանը վերագրելով իմ չորս առաջարկությունները՝ հակազդելու Պակիստանին ՄԱԿ-ում, ԱՄՆ Կոնգրեսում, Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) և աջակցել Հնդկաստանին՝ Պակիստանի հետ Քաշմիրի հակամարտության մեջ:
Ամերիկահայերը պետք է շարունակեն իրենց ջանքերը՝ մշակելու լավ հարաբերություններ Թրամփի վարչակազմի և Կոնգրեսի անդամների հետ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վաշինգտոնում նրանց մեծածախս լոբբիստական ընկերությունների բոլոր հակահայկական փորձերին հակազդելու համար…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի