Ինչո՞ւ Գոհար Հարությունյանը չմեկնեց Չինաստան
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս գլոբ 2009» տիտղոսները կրող, ինչպես նաև երեք երեխաների մայր Գոհար Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել, որտեղ ինքը հանդես է գալիս թագով՝ MG 20 խորագրի ներքո: 168.am-ը զրուցեց Գոհարի հետ, և նա մեկնաբանեց լուսանկարի բովանդակությունը:
«Բանն այն է, որ դեկտեմբերի 11-ին «Միսիս Գլոբ» գեղեցկության մրցույթը նշում է իր գործունեության 20-ամյակը: Այդ կապակցությամբ, որպես ժյուրիի անդամ՝ Չինաստանում կայանալիք մրցույթին պետք է ներկա գտնվեի նաև ես: Սակայն վրա հասած հարբուխի վիրուսները թույլ չտվեցին ինձ՝ երկրից մեկնել: Ասացին՝ մնա տանն ու բուժվիր և բուժիր երեխաներիդ»,- մեզ հետ զրույցում կատակով նշեց Գոհարը: Մեր դիտարկմանը, որ անգամ վիրուսներն անտարբեր չեն նրա գեղեցկության հանդեպ, Գոհար նշեց, որ հաջորդ տարի կայանալիք մրցույթին պարտադիր կներկայանա:
«Մրցույթը՝ մրցույթով, ինձ համար շատ ավելի կարևոր է ընտանիքս, երեխաներս և նրանց առողջությունը»,- նշում է նա: