Բաժիններ՝

«Ես վախենամ, որ այս նույն կառավարությանը այս բյուջեով դուք ընդհանրապես թաղեք». Հրանտ Բագրատյանը՝ Վարդան Արամյանին, Վաչե Գաբրիելյանին, Ներսես Երիցյանին

«Ճիշտ չէ, երբ պատգամավորն ունի այդքան դիտողություն, թույլ չտալ ելույթ ունենալ ու ասել՝ ախպեր, էս ի՞նչ եք անում»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ Հ. Բագրատյանն ասաց, ոչ չի կարելի պատասխանել այնպես, ինչպես նա է պատասխանում։

«Ուզում եմ ձեզ նշել, որ ժամանակակից տնտեսական քաղաքականությունը չի տեղավորվում այն տնտեսական քաղաքականության մեջ, որ ժամանակին՝ 1990-ականների կեսերին, Դուք սովորել եք, դուք առաջ չեք գնում։ Նույն պարտքի քաղաքականությունը, բարեկամս, մենք ձեզ ասում եք,  մեր պրոֆիցիտն էլ, տրանսֆերտներն էլ լրիվ կամ մասամբ ստերիլիզացրեք, դուք մեզ ձեռ եք առնում։ Ինչ-որ բան եք բացատրում 90-ականների կեսերից։ Դուք մեզնից 10-15 տարի երիտասարդ եք, ժամանակին մենք էինք դա ձեզ սովորեցնում… Դուք  հաճախ հարմարացնում եք սուտը, ես վախենամ, որ այս նույն կառավարությանն այս բյուջեով դուք ընդհանրապես թաղեք։  «Դուք» ասելով՝ նկատի ունեմ՝ Ձեզ, փոխվարչապետ Գաբրիելյանին և Կենտրոնական բանկից՝ Ներսես Երիցյանին։ Էն հին 20 տարվա բաներն անընդհատ բերում բացատրում եք մեզ»։

Նախարար Վ. Արամյանը չկիսեց Հ. Բագրատյանի կարծիքը, թե իրենք սուտ են խոսում։ Նա ասաց, որ ինքը պատրաստ է ցանկացած իր կողմից բարձրացված թեզ հիմնավորել  տնտեսագիտական, ակադեմիական աշխարհում, ընդ որում, ոչ թե 20 տարի առաջվա գիտելիքներով, այլ ժամանակակից ակադեմիական  աշխարհում բավականին շատ նոբելյան մրցանակակիր տնտեսագետների հիմնավորած մոտեցումներով։

«Պարտքի քաղաքականության հետ կապված։ Հարգելի պարոն Բագրատյան, պարտքի քաղաքականությունը շատ պարզ է, աբողջ աշխարհում գոյություն ունի  պարտքային ճգնաժամ, դրա հետ կապված խրոնիկ խնդիրներ, որոնք իդենտիֆիկացնում  են, թե դու ինչ պետք է անես։  Մեր մոտեցումը շատ պարզ է, մենք ասում ենք՝ հարգելի գործընկերներ, մենք երկու տարի անընդմեջ ունեցել ենք պարտքի առաջանցիկ աճ, ապագա տարիներին մենք պետք է ունենանք ավելի պահպանողական վարքագիծ, ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Ես չեմ հասկանում ձեր առաջարկը, առաջարկը նա է, որ մենք շարունակե՞նք այդ պարտքի աճի նույն տեմպերը, ինչ գրանցվել է անցյալ տարիներին, չեմ հասկանում»,- նշեց նախարարը։

Հ. Բագրատյանն էլ ասաց, որ հրավիրեր, կզրուցեին, կբացատրեր։ Վ. Արամյանն ասաց, որ սիրով հրավիրում է նրան։

«55 առաջարկություն արած մարդուն կարելի էր հրավիրել խոսել՝ մինչև այստեղ ելույթ ունենալը։ Երբ այդ հանդիպումը  կայանար, ես պարոն Արամյանին կբացատրեի, որ գոյություն ունի նոր իրողություն, պարտքի նոր քաղաքականություն։ Խնդիրն այն է, որ պարոն Արամյանը պետք է իմանա, որ ես գտնում եմ, որ ներքին պարտքը կարելի է ավելացնել, կարելի է պարտքը վերացնել այնտեղ, որտեղ կապիտալի ավելցուկ կա, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կապիտալի պակասուրդ կա, այն ժամանակ գուցե մի բան կհասկանայինք։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի Նոբելյան մրցանակի այնպիսի դափնեկիր, որ այս ճկույթի չափ կարողանա առաջարկ անի Հայաստանի  տնտեսության մասով»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս