2017 թվականի պետական բյուջեի մեսիջը՝ ըստ Ֆինանսների նախարարի
«Մենք ուրիշ երկրներից ուղերձներ ենք ստանում, թե իրենք ինչին են զարկ տալիս, մենք ի՞նչ ուղերձ ենք ուղարկում»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ հարցրեց պատգամավոր Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ երբ շատ երկրներում բյուջե են ներկայացնում և ընդունում, այդ երկրի շուկան հաջորդ օրն ինչ-որ տատանումներ է տալիս՝ կամ դեպի դրական, կամ բացասական. «Հիմա ձեր այս ներկայացնելուց, վաղն էլ քվեարկությունից հետո՝ Հայաստանի շուկան ի՞նչ արձագանք է ունենալու»։
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ արդեն իրենց ներկայացրած բյուջեի մասով շուկաներն արձագանք տվել են. «Եթե ուզում եք այդ ազդակը տեսնեք, պետք է նայեք՝ մեր արտաքին շուկայում թողարկած պարտատոմսերի եկամտաբերությունն ինչ վարքագիծ է ունեցել։ Լավագույն ինդիկատորը մեր երկրի թողարկած թղթերի եկամտաբերությունն է։ Երբ մենք ունեցանք քառօրյա պատերազմի խնդիրներ, անմիջապես միջազգային ներդրողներն արձագանքեցին դրան, տեսանք, որ եկամտաբերությունը բարձրացավ մինչև 10 տոկոսի, նույնը եղավ, երբ լարվածություն եղավ օգոստոս ամսին։
Այս ընթացքում, երբ ունեցանք բյուջետային քննարկումներ, եկամտաբերությունը նույնիսկ մի փոքր էլ նվազել է, չեմ ասում, որ ամբողջությամբ պայմանավորված է մեր վարքագծով, բայց դա նաև լրացուցիչ ազդակ է մեր ներդրողներին, թե այս կառավարությունն ինչպես է տեսնում մեր ապագա քայլերը։ Մեր մեսիջը շատ պարզ է, մենք ներկայացրել ենք բյուջե, որ կայունացնելու է իրավիճակը»։