«Մեր երկրում Թրամփից հարուստ առնվազն 5 միլիարդատեր կա». Արամ Մանուկյան

«Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Դուք ներկայացնում եք թվեր՝ էս գյուղի, էն դպրոցի, բայց բյուջեի իմաստը դա չէ. բյուջեն քաղաքական փաստաթուղթ է: Քաղաքական փաստաթուղթը պետք է քաղաքական լուծումներ առաջարկի: Դուք Հայաստանի տնտեսության հիվանդ կողմերին ընդհանրապես չեք անդրադառնում: Չեք արտասանում՝ ո՛չ կոռուպցիա, ո՛չ մենաշնորհ, ո՛չ ազատ մրցակցություն:

Դուք ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարություններից, ո՞րն է տնտեսության զարգացման ձեր կոնցեպտը: Վիճակը ճգնաժամային է: Կես ժամ ներկայացնել՝ որ դպրոցի, որ պատգամավորի ծրագիրն ընդունվեց կամ չընդունվեց… դա չենք քննարկելու, դա չէ ձեր առաքելությունը: Դուք նոր կառավարություն եք, եկել եք նոր կոնցեպտով, ո՞րն է ձեր կոնցեպտը»,- այսօր ԱԺ 2017թ. պետական բյուջեի ամփոփման ժամանակ դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ նման հարցադրումներ արեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Ի պատասխան՝ Վարդան Արամյանն ասաց, որ բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, բայց նաև գործիք է մակրոտնտեսական կառավարման համար, հետևաբար՝ կարծում է, որ հստակ ներկայացրել են այն մոտեցումները, որոնք որդեգրել է կառավարությունը. «Դա մակրոտնտեսական կայունությունն է ու տնտեսական աճի հիմքերի ուժեղացումը: Երկու մակարդակի գործողություններ պետք է արվեն. մեկը՝ մակրոմակարդակում, մյուսը՝ միկրոմակարդակում: Ձեր ասած՝ կոռուպցիայի գործողությունները, որոնք միկրոմակարդակի գործողություններ են ենթադրում, արծարծված են մեր կառավարության ծրագրում»:

Նախարարի խոսքով՝ կոռուպցիոն համակարգն արմատախիլ կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ մարդը փաստաթղթերը չդնի իր թևի տակ ու չգնա չինովնիկի մոտ՝ ասի՝ ես լիցենզիա կամ թույլտվություն եմ ուզում. Ամբողջ աշխարհում ընդունված գործիքներից մեկը տեղեկատվական համակարգի գործիքների կիրառումն է, որպեսզի բացառվեն շփումները: Նաև պետք է լինի էլեկտրոնային կառավարման համակարգերի ուժեղացում: Ես ուղղակի չեմ ուզում բոլոր քայլերը թվարկել: Բյուջեն ոչ միայն դա է, այլ նաև սոցիալական պարտավորություն է, ենթակառուցվածքներին ուղղված միջոցներ է ենթադրում»:

Կարդացեք նաև

Ա. Մանուկյանը, սակայն, նշեց, որ, թեև նախարարի ասածներն անհրաժեշտ են, սակայն, նկատեց, որ Հայաստանի քայքայված տնտեսությանը նայում են՝ որպես երկար բուժվող համակարգի, ու տալիս «մրսածության դեղեր». «Բայց համակարգը փտախտի մեջ է, քայքայվում է ուղղակի: Ձեր արած քայլերը, լինելով անգամ ճիշտ, ադեկվատ չեն մեր քայքայվող տնտեսությանը: Այսինքն՝ ռադիկալ բաներ են պետք: Ստվերի մասին ընդհանրապես չեք խոսում: Մեր երկրում Թրամփից հարուստ առնվազն 5  միլիարդատեր կա. դա ո՞նց է առաջացել: Դուք այսօր քաղցկեղը թողած՝ մրսածության կաթիլներ եք տալիս. դրանով այս երկիրն ուշքի չի գա»:

Սակայն, նախարարը նորից նշեց, որ այդ քայլերն արծարծված են կառավարության ծրագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս