Թևան Պողոսյանի և Արայիկ Հովհաննիսյանի առաջարկությունները հաշվի են առել
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է շուրջ 40 համայնքներում։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին՝ նախագծի քննարկման ժամանակ, հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, հակադարձելով պատգամավորների այն դիտարկումներին, թե նախագիկծի վերաբերյալ հանրային քննարկումներ չեն անցկացվել, ասաց, որ նոյեմբերի 24-ին սույն օրենքի նախագիծը քննարկվել է շուրջ 40 համայնքների ներկայացուցիչների հետ, և, ըստ նրա, քննարկվել է բավականին մանրամասն։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 9-ին շուրջ 100 համայնքների ներկայացուցիչների հետ էլ կքննարկվի նաև Տեղական ինքնակառավարման մարմինների մասին նախագիծը, որը նույնպես ներկայացված է Ազգային ժողովում։
«Բոլոր առաջարկությունները մանրամասն կնայվեն, Արայիկ Հովհաննիսյանի և Թևան Պողոսյանի առաջարկությունները մենք հաշվի ենք առել, կխմբագրենք, որ բոլոր համայնքների վրա դա տարածվի։ Էլի կան առաջարկություններ, կքննարկենք, իսկ մնացած բոլորի վերաբերյալ ձեզ մանրամասն կներկայացվեն պարզաբանումներ, հիմնավորումներ»,- նշեց փոխնախարարը։