LaFerrari-ն գերազանցել է 21-րդ դարում թողարկված ավտոմեքենաների արժեքի ռեկորդը
Ferrari LaFerrari հիբրիդային սուպերկարը դարձել է քսանմեկերորդ դարում թողարկված ամենաթանկ ավտոմոբիլը, որը վաճառել են աճուրդով: RM Sotheby-ի աճուրդում ավտոմեքենայի համար ստացվել է յոթ միլիոն դոլար, որը կհատկացվի 2016 թվականին Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների օգնությանը: Աճուրդի էր հանվել եզակի հինգհարյուրերորդ ավտոմոբիլը, որը գտնվում էր ավտոարտադրողի հավաքածուում:
Ինչպես նշել է Motor1.com-ը, Ferrari LaFerrari եզակի օրինակի աճուրդը տեւել է տասը րոպե: Վերջնական արժեքը հնգապատիկ գերազանցում է սուպերկարի բազային արժեքը եւ եղել է 1,8 միլիոն դոլարով ավելի, քան LaFerrari-ի նախորդ աճուրդային նվաճումը:
Սուպերկարը հանդերձվում է հիբրիդային ուժային կայանքով, որի կազմի մեջ մտնում են V12 800-ուժային բենզինային շարժիչը, 120-կիլովատանոց էլեկտրաշարժիչը, յոթաստիճանի ռոբոտացված փոխանցատուփը, ինչպես նաեւ մարտկոցների լրակազմը:
Մոդելի առավելագույն արագությունը կազմում է ժամում 350 կիլոմետր: