«Ստացվում է՝ ինքն իր ուսման համար վճարում է, բանակից ազատվում է, բոլորը գոհ են. այստեղ կա կոռուպցիայի պարարտ հող». Միքայել Մելքումյան
«Պետությունը ոչ թե լուրջ կազմակերպություն է, պետությունը շատ լուրջ կազմակերպություն է»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Հիշեցնենք, որ առաջարկվող նախագծով` եթե կուրսանտը 10 տարիների ընթացքում ավարտում է ուսումը և հրաժարվում է ծառայությունից, ապա նա պարտավոր է փոխհատուցել չծառայած տարիների ծախսերը, յուրաքանչյուր չծառայած տարվա համար, որպես տուգանք, նա պետք է վճարի 1 միլիոն դրամի կարգի գումար։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մ. Մելքումյանն այս օրենքի նախագծի մեջ կոռուպիցոն ռիսկեր է տեսնում.
«Տարօրինակ բան է ստացվում, մարդը սովորում է, 7-8 տարի չի վճարում, վճարում է ՊՆ-ն, հետո ինքն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ասում է՝ ես չեմ գնում իմ պարտականությունը կատարեմ, եկեք վճարեմ, արդյունքում էլ՝ բանակից ազատվում է։ Ստացվում է՝ ինքն իր ուսման համար վճարում է, բանակից ազատվում է, բոլորը գոհ են, այսինքն՝ այստեղ կա կոռուպցիայի պարարտ հող»։