Բաժիններ՝

«Նրա դրիբլինգը մղձավանջ էր «Էվերթոնի» պաշտպանների համար». մամուլը՝ Մխիթարյանի խաղի մասին

Երեկ երեկոյան Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»  կրկին չկարողացավ հաղթել՝ գնդակ ընդունելով սեփական դարպասը վերջին րոպեներին:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց գրեթե ամբողջ հանդիպմանը: Հետաքրքիր է, որ Մխիթարյանի փոխարինումից գրեթե 2 րոպե անց նրան փոխարինած ֆուտբոլիստը՝ Մարուան Ֆելաինին, խախտեց կանոնները, ինչից հետո նշանակված 11-մետրանոց հարվածի միջոցով էլ  «Էվերթոնը» հավասարեցրեց հաշիվը:

Միջազգային մամուլը, խոսելով այս հանդիպման մասին, առաջին հերթին ուշադրություն է դարձնում հենց այս դրվագին: Վերլուծաբանները նշում են, որ Մխիթարյանը բավականին վստահ խաղ անցկացրեց, և անիմաստ էր 85-րդ րոպեին նրան փոխարինելը: Թե՛ լրագրողների և թե՛ երկրպագուների մոտ տպավորություն էր, որ Մոուրինիոն պատժվեց իր սխալ կայացրած որոշման համար:

Խաղից հետո ֆուտբոլիստների խաղին անդրադարձ են կատարել մի շարք պարբերականներ:

Կարդացեք նաև

Dailymail-ը, ինչպես միշտ, գնահատել է ֆուտբոլիստների խաղը 10 բալանոց համակարգով: Այստեղ Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է միջինից բարձր՝6:  Մխիթարյանի մասին խոսելիս պարբերականը նշում է, որ Հենրիխն ամբողջությամբ իշխում էր գրոհի աջ եզրում:

«Նրա դրիբլինգը մղձավանջ էր «Էվերթոնի» պաշտպանների համար»,- գրում է պարբերականը:

Ֆուտբոլիստների խաղը մշտապես գնահատող մյուս պարբերականը՝ Manchester Evening News-ը, միջին է գնահատել բոլոր ֆուտբոլիստների խաղը: Ըստ պարբերականի վերլուծաբանների՝ մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստներն արժանի էին առավելագույնը 7 գնահատականին: Ի դեպ, 7 գնահատական է ստացել հենց Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանի խաղի մասին պարբերականը գրում է, որ հայ կիսապաշտպանը սրություն է հաղորդել մանչեսթերյան ակումբի գրոհներին:

«Մխիթարյանը հրաշալի էր ամբողջ խաղի ընթացքում՝ գործելով թե՛ գնդակով, թե՛ առանց դրա»,- գրել է M.E.N-ը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս