ՏՀՏ լիդերները ՀՀ կառավարությանը կներկայացնեն տեխնոլոգիական կրթության բարեփոխումների հայեցակարգը
Այսօր տեղի է ունեցել ՏՀՏ ոլորտի լիդերների հերթական հանդիպումը, որի շրջանակում տեղի ունեցած քննարկումների արդյունքում համայնքի ներկայացուցիչները կազմել են տեխնոլոգիական կրթության բարեփոխումների հայեցակարգը և գործողությունների ծրագրի նախագիծը: Այս հայեցակարգը և գործողությունների ծրագիրը պետք է ներկայացվի ՀՀ կառավարությանը:
Հանդիպման ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն (ԻՏՁՄ) Հայկ Չոբանյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ըստ ՏՏ համայնքի ներկայացուցիչների և Կարեն Կարապետյանի պայմանավորվածության՝ մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը ՏՀՏ և կրթության ոլորտների ներկայացուցիչները պետք է իրականացնեն քննարկումներ, որպեսզի ձևավորվեն կոնկրետ առաջարկներ:
Հայկ Չոբանյանի խոսքով՝ հաջողության հասնելու համար պետք է բազմակողմանի դիտարկել խնդիրը, միևնույն ժամանակ՝ ուշադրություն դարձնելով կոնկրետ թեմաների:
Ըստ Հայկ Չոբանյանի՝ ոլորտի ներկայացուցիչները հիմա անգամ իրավունք չունեն ժամանակ կորցնել փոփոխությունների անհարժեշտությունում համոզվելու համար, քանի որ հիմա փոփոխություններ իրականացնելու հերթն է:
«Ցանկացած օր կամ ամիս մեզ ավելի է հեռացնում այն արդյունքից, որին մենք ցանկանում ենք հասնել մեր ծրագրերի իրականացման միջոցով»,- նշում է ԻՏՁՄ փոխտնօրենը:
Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումները կազմակերպվում են 2007 թվականից:
Միջոցառման նպատակն է՝ մեկ հովանու ներքո հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և քննարկել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող առաջնային խնդիրները։ ՏՀՏ առաջնորդների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը, և այլն: Հանդիպում-ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն:
Սիրարփի Աղաբաբյան