«Եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չունենք»
Օրերս ստեղծվելիք ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կամփոփի 2014թ. մշակված Հայաստանի երկարաժամկետ ծրագիրը, և դրա բազայի վրա կառավարությունը կձևավորի նոր երկարաժամկետ ծրագիր։ Այս մասին այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կազմակերպած քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Մենք կարճաժամկետ ծրագիր ներկայացրել ենք, որպեսզի հնարավոր օպոնենտները չասեն՝ ի՞նչ գիտեք 2017թ. ապրիլից հետո Դուք կլինե՞ք, թե՞ ոչ»,- ասաց նա։
Թե ի՞նչ է արվելու ներդրումներ ներգրավելու համար, մասնավորապես՝ արտասահմանից, Կ.Կարապետյանը նշեց, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեն է՝ արդար, հավասար, մրցունակ դաշտ ստեղծելը. «Տարբեր ռեյտինգներով, տարբեր հարցումներով ամենաերջանիկ երկրների ցանկում գտվում են այն երկրները, որոնք մաքսիմալ բարենպաստ պայմաններ են ստեղծել հավելյալ արժեք ստեղծող, աշխատող, ստեղծագործ մարդու համար։ Այդ երկրների մեջ չկան այն երկրները, որոնք ունեն նավթ, գազ և այլ պաշարներ։ Բայց այս պահին միայն դա բավարար չէ, որպեսզի մեր տնտեսությունն աշխուժանա»։
Նա նշեց, որ պետությունը պատրաստ է իր վրա վերցնել որոշակլի խթանողի դերակատարում՝ երբեմն մտնելով ոչ իր գործառույթի մեջ։
Հարկային ոլորտում բարեփոխումները Կ.Կարապետյանը չբացառեց. «Կարծում եմ՝ պարզեցման խնդիր կա։ Մենք հարկային օրենսգիրք ընդունել ենք վերջերս և հասկանում ենք, որ ոչ բոլորի կողմից է դա ընդունելի և հասկանում ենք դժգոհությունը, որ ասում են՝ սպիտակ դաշտի հարկը բարձրացնում եք, բայց ստվերին ձեռք չեք տալիս։ Բայց եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չունենք։ Այդ իսկ պատճառով, երբ լսենք բիզնեսին, մենք դա չենք բացառում»։