
«Կարեն Կարապետյան, ինչքան էլ բարձր լինի քո ռեյտինգը, ինչքան էլ դրայվով և լավ արտաքին ունենաս, ղեկավարը մի մարդ է». Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ, թեև հայտարարվում է՝ Կարեն Կարապետյանը բարեփոխման սիմվոլ է, բայց, միևնույն ժամանակ, տարվում է մի գործելաոճ, որը նրան թույլ չի տա առաջ գնալ.
«Մի նոր ավանդույթ է վերցվել Ռուսաստանից. նորանշանակ նախարարները հաշվետու են լինում նախագահի առջև, և բոլորը պետք է ֆիքսեն, որ՝ Կարեն Կարապետյա՛ն, ինչքան էլ բարձր լինի քո ռեյտինգը, ինչքան էլ դրայվով և լավ արտաքին ունենաս, ղեկավարը մի մարդ է, և այդ մարդու մոտ պետք է բոլորը հաշվետու լինեն»:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի գործելաոճից երևում է, որ նա չի պատրաստվում հեռանալ.
«Շատ խելացի, շատ ճիշտ մարտավարություն է որդեգրել իշխանությունը. Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, չի մասնակցի ընտրություններին, չի լինի ցուցակում, ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը: Կտրուկ շրջադարձերի դեպքում նա, ամենայն հավանականությամբ, կգլխավորի նոր կառավարությունը 2018թ. հետո, իսկ մնացած բոլոր դեպքերում կհանդիսանա իշխող կուսակցության ղեկավարը»:
Անդրադառնալով ՀՀԿ համագումարին, նա նկատեց՝ Համալիրի այն դահլիճի հետևում, որտեղ անցկացվում էր համագումարը, Լենինի արձանն է դրված.
«Բայց միայն դրանով չի, որ նման էր ԽՄԿԿ համագումարներին: Ես միջին տարիքի եմ, ու իրոք համագումարը հիշեցնում էր անձի պաշտամունքի հասնող համագումար: Տեսեք՝ համագումարը սկսվեց աղոթքով և ավարտվեց Սերժ Սարգսյանի 7 մահացու մեղքերը հիշեցնող պատվիրաններով: Դրա համար է ասվում, որ անձի պաշտամունք կա, որ ԽՄԿԿ համագումարին է նման: Այդ կուսակցությունում որևէ մեկը չկա, որ կարող է երկրորդ մարդ համարվել: Ով մի քիչ բարձրանում է, հեշտությամբ հեռացվում է, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը: Սերժ Սարգսյանն այդ հարցում որևէ անհանգստություն չունի: Այո, Կարեն Կարապետյանին տրված է լայն քարտ-բլանշ, բայց նրա գոյությունը կախված է Սերժ Սարգսյանի մի գրչի հարվածից»:
Ինչ վերաբերում է այսօր ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան դիմաց հավաքված ու նրա վերադարձը պահանջող բազմությանը, Ա. Սիմոնյանն այսպիսի կարծիք հայտնեց.
«Սերժ Սարգսյանը կուզենա՞՝ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն, չի՞ ուզենա՝ չի վերադառնա: Ընտրողների 40%-ը չգիտի էլ, որ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է եկել»: