«Կարեն Կարապետյանի գործունեությունը ցույց տվեց, որ նա գործի մարդ է». Սերժ Սարգսյան

«168 Ժամ» թերթի նախաձեռնած «Հարց Նախագահին» խորագրի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է մեր առաջին հարցին։ Այն ներկայացնում ենք ստորև։

– Պարոն Նախագահ, ՀՀԿ համագումարում Դուք հայտարարեցիք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Դուք, փաստորեն, Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը պայմանավորում եք ընտրությունների արդյունքով։ Իսկ որքանո՞վ է նրա պաշտոնավարման շարունակականությունը պայմանավորվում կառավարության գործունեության արդյունավետությամբ։ Այսինքն, եթե տնտեսական կյանքում էական փոփոխություններ չլինեն, սակայն ՀՀԿն մեծամասնություն ստանա խորհրդարանում, Կարեն Կարապետյանը կրկի՞ն պաշտոնավարելու է՝ որպես վարչապետ։

– ՀՀԿ համագումարում ես նախ և առաջ հայտարարեցի, որ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: Այո, ես նաև հայտարարեցի, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու դեպքում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:

5-6 ամսում գնահատել կառավարության գործունեության արդյունքները դժվար է, եթե էական ձախողումներ չլինեն: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կարեն Կարապետյանի որդեգրած կառավարման մշակույթը, աշխատաոճն ու մոտեցումները խոստումնալից են:

Կարեն Կարապետյանի գործունեության այս կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որ նա իսկապես գործի մարդ է: Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին՝ ցույց տալով, որ խնդիրները լուծելու միակ ճանապարհը ժամանակակից ճկուն և արդյունավետ կառավարումն է: Նա իր գործունեությամբ արդեն հասցրել է նաև դրական ակնկալիքներ ձևավորել հասարակության մեջ, և վստահ եմ, որ կկարողանա իրականացնել կառավարության մտահղացումները:

Տեսանյութեր

Լրահոս