«Եթե Արցախին, Հայաստանին, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ». Արթուր Վարդանյան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց նախորդ տարի Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործի քննությունը:
Զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը նիստի ավարտից հետո ի պատասխան լրագրողների հարցին՝ հայտարարարեց, որ չի ընդունում մեղադրանքը. «Եթե Արցախին, Հայաստանին, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ,- ասաց նա՝ շարունակելով,- Իսկ իշխանությունը, եթե պատկանում է ժողովրդին, անհնար է բռնազավթել»:
Դատական այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացվել ամբասանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, չէր ներկայացել ամբասանյալ Ավետիս Բարեյանը: Չէին ներկայացել նաև պաշտպանները:
Այսօրվա դատական նիստի ընթացքում մի քանի հանրային պաշտպաններ գործով ներգրավվեցին որպես ամբաստանյալների պաշտպաններ: Քանի որ վերջիններս ծանոթ չէին քրեական գործի նյութերին, նրանք խնդրեցին հետաձգել նիստը՝ հաշվի առնելով քրեական գործի նյութերի ծավալը, դրանք կազմում են 37 հատոր, դատական նիստը հետաձգվեց մինչև 2017թ. հունվարի 13-ը: