«Զիդան, Կակա և Համլետ». Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը The Players Tribune- ում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեղինակավոր The Players Tribune պարբերականում հրապարակել է ինքնակենսագրական մի հոդված` ներկայացնելով ֆուտբոլիստ դառնալու իր պատմությունը:
Մխիթարյանը պատմում է, որ իր ամենավաղ հիշողություններից մեկը կապված է հոր` Համլետ Մխիթարյանի հետ, ում մշտապես խնդրում էր տանել իրեն ֆուտբոլի մարզումներին: «1989 թվականին, երբ ես երեխա էի, մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Հայրս «Վալենս» ակումբում հինգ տարի խաղաց Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: Ես միշտ լալիս էի, երբ նա գնում էր մարզումների: Ամեն առավոտ ես ասում էի. «Հայրիկ, տար ինձ քեզ հետ: Խնդրում եմ, տար ինձ քեզ հետ»: Այդ տարիքում ես իրականում հետաքրքրված չէի ֆուտբոլով, պարզա պես ցանկանում էի լինել հորս հետ»,- պատմում է Մխիթարյանը:
Նա նշում է, որ հոր հետ ժամանակը եղել է շատ իմաստալից, սակայն միևնույն ժամանակ շատ կարճ: «Երբ ես վեց տարեկան էի, ծնողներս ասացին, որ տեղափոխվում ենք տուն` Հայաստան: իրականում չէի հասկանում` ինչ է պատահում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր: Ես չգիտեի, սակայն հայրս ուղեղի ուռուցք ուներ: Ամեն բան շատ արագ պատահեց: Մեկ տարվա մեջ նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, չկարողացա ամբողջությամբ ըմբռնել մահվան իմաստը: Հիշում եմ` մայրս և քույրս միշտ լալիս էին, և ես հարցնում էի. «Ո՞ւր է իմ հայրը»:
Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում: Օրեցօր նրանք ինձ սկսեցին բացատրել, թե ինչ է պատահել: Հիշում եմ, երբ մայրս ասաց. «Հենրիխ, նա երբեք չի լինելու մեզ հետ»: Եվ ես մտածեցի` երբե՞ք: «Երբեք»-ն այնքան երկար է թվում, երբ դու ընդամենը յոթ տարեկան ես»,- նշում է Հայաստանի հավաքականի ավագը` պատմելով, թե ինչպես է շատ հաճախ սկսել դիտել հոր մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումները:
Հոր մահից հետո նա սկսել է ֆուտբոլի մարզումները: Հենրիխը նշում է, որ ողջ ընթացքում հայրն է եղել նրա շարժիչ ուժն ու իդեալը: «Ես ինքս ինձ ասացի` ես պետք է վազեմ նրա պես, ես պետք է հարվածեմ նրա պես»,- պատմում է նա` ընդգծելով, որ արդեն 10 տարեկանում ֆուտբոլն ամեն ինչ էր իր համար: «Ես միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և Համլետի նման»,- նշում է Հենրիխը` ընդգծելով` «շատ լավ ընկերակցություն հորս համար»:
Ֆուտբոլիստը պատմում է, որ հոր բացակայությամբ մայրը իր համար եղել է ևս որպես մայր, և որպես հայր, ով մշտապես հորդորել է չհուսալքվել և շարունակել աշխատանքը:
13 տարեկանում Հենրիխը չորս ամսով մեկնում է Բրազիլիա` Սան Պաուլո: «Դա իմ կյանքի ամենահետաքրքիր ժամանակահատվածներից էր, քանի որ ես Հայաստանից ամաչկոտ երեխա էի, ով չէր խոսում պորտուգալերեն: Սակայն հոգ չէր, քանի որ ես գնում էի ֆուտբոլային դրախտ: Ես երազում էի լինել Կակայի նման»,- շարունակում է Հենրիխը` պատմելով, թե ինչպես է նախքան Բրազիլիա մեկնելը երկու ամիս գնացել պորտուգալերենի դասերի, սակայն երբ ժամանել է Սան Պաուլո, հասկացել է, որ մեկ բան է սովորելը, մեկ այլ բան այդ լեզվով խոսելը:
Բրազիլիայում Հենրիխը Հայաստանից մեկնած ևս երկու ֆուտբոլիստների հետ մնում է մի սենյակում, որտեղ բնակվում էր մի բրազիլացի խաղացող ևս: «Նա ողջունեց մեզ և ասաց. «Բարի օր, իմ անունը Հերնանես է»: Այդ ժամանակ նա անծանոթ մի երեխա էր, բայց նա հենց Հերնանեսն էր, ով այժմ խաղում է «Յուվենտուս»-ի կազմում»,- պատմում է Մխիթարյանը:
Թեպետ առաջին շաբաթների ընթացքում ամեն բան բարդ էր թվում, քանի որ դժվար էր հաղորդակցվելը բրազիլացի խաղացողների հետ, սակայն «բոլորը խոսում էին ֆուտբոլի համամարդկային լեզվով»: Նա նշում է, թե ինչպես պարապմունքներից մեկի ժամանակ մի քանի գոլ է խփում և ինքն իրեն մտածում. «Ես հայ երեխա եմ, ով գոլեր է խփում Բրազիլիայում»: Ես ինձ իսկական աստղ էի զգում»:
20 տարեկանում Մխիթարյանը տեղափոխվում է Ուկրաինա` Դոնեցկի «Մետալուրգ», ապա «Շախտյոր»: «Շատերն ինձ ասում էին, որ ինձ համար շատ բարդ կլինի, հաջողություն չեմ ունենա, քանի որ այդ ակումբում 12 բրազիլացի խաղացող կար: Ես ոչինչ չէի պատասխանում, միայն ինքս ինձ ժպտում էի և մտքում ասում` ես կիսով չափ բրազիլացի եմ: Շախտյորում փայլուն երեք տարի անցկացրեցի: 2013-ին Ուկրաինայի Պրեմիեր լիգայում ռեկորդային քանակությամբ գոլերի հեղինակ դարձա և լավ էր, որ կարողացա փակել բերանը բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ չեմ կարող հաջողության հասնել որպես հայ»,- պատմում է Մխիթարյանը:
Այնուհետև նա ստանում է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու առաջարկ: «Ես տեղափոխվեցի Գերմանիա, դա ոչ միայն նոր լեզու էր, այլև նոր մշակույթ և մթնոլորտ` տարբեր նրանից, ինչին սովոր էի: Շատ բարդ ժամանակաշրջան էր ինձ համար: Առաջին սեզոնը նորմալ էր, սակայն երկրորդը աղետալի էր` ոչ միայն ինձ, այլև ակումբի համար: Մենք այնքան շատ էինք պարտվում, ինձ թվում էր, թե բախտ չունեմ: Ես ոչ միայն գոլեր չէի խփում, այլև գոլային փոխանցումներ չէի անում: Դորտմունդի իմ տանը շատ դժվար գիշերներ եմ ունեցել, մեն-մենակ, ուղղակի մտածելով ու էլի մտածելով: Չէի ցանկանու մ դուրս գնալ, անգամ ճաշել: Սակայն ինչպես նշեցի` ճակատագիրը կարող է շատ հետաքրքիր լինել: Երրորդ մրցաշրջանից առաջ եկավ նոր մարզիչը` Թոմաս Տուխելը, և նա ինձ համար շատ բան փոխեց:
Նա եկավ և ասաց. «Լսիր, ես ցանկանում եմ քեզնից ստանալ առավելագույնը: Ես ժպտում էի, քանի որ կարծում էի` պարզապես ցանկանում է տրամադրությունս բարձրացնել: Ես տարակուսանքով էի մոտենում նրա խոսքերին: Սակայն նա նայեց ինձ և շատ լուրջ ասաց. «Միկի, դու հիասքանչ ես լինելու»: Դա ինձ համար ամեն ինչ էր: Երկրորդ մրցաշրջանից հետո ես չէի կարծում, որ կարող եմ աստղ լինել: Սակայն նա ա րեց դա: Նոր մրցաշրջանում նա ամեն ինչ ստացավ ինձնից, և դա այն պատճառով, որ ես կրկին ուրախ էի: Երբ դու տխուր ես, դու չես կարող լինել հաջողակ: Սա մի բան է, որ սովորել եմ բրազիլական մշակույթից: Երբ դու ուրախ ես, դաշտում լավ բաներ են պատահում: Այդ մրցաշրջանում մենք խաղացինք մեծ խանդավառությամբ: Դա խելահեղ խաղ էր, սուպեր-հարձակողական ոճով, և մենք վայելում էինք դաշտում ամեն րոպեն: Անգամ երբ պարտվում էինք, հաճույք էինք ստանում»,- նշում է ֆուտբոլիստը:
Մխիթարյանը պատմում է, թե ինչպես նախորդ ամառ իր գործակալը զանգում է և հայտնում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է իր հետ պայմանագրի ստորագրմամբ: «Ես անակնկալի եկա և ասացի. «Դա իրակա՞ն է, թե պարզապես սպեկուլյացիա»: Երբ քո երազանքները մոտ են իրականանալուն, սկզբում դա իրական չի թվում: Մի քանի օր անց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրվածությունը հաստատվեց, երբ ես զանգ ստացա Էդ Վուդվորդից` նրանց գործադիր տնօրենից: Նա ասաց ինձ, որ ակումբն իրոք հետաքրքրված է ինձնով: Կարող եք պատկերացնել, թե որքան ոգևորված էի այդ հնարավոր ությամբ: Մինչ իմ գործակալն ու ակումբը բանակցում էին տրանսֆերի շուրջ, ես ժամանակ ունեի մտածելու իմ անելիքների մասին: Գիտեի, որ մարտահրավեր է լինելու Դորտմունդում ունեցած լավ դրությունը թողնելը և «Յունայթեդ»-ում հաջողության հասնելը, սակայն չէի ցանկանում նստել աթոռին որպես հին մարդ և ափսոսանքներ ունենալ: Ես պատրաստ էի տեղափոխվել»,- ընդգծում է Հենրիխ Մխիթարյանը` նշելով, որ միայն այն պահին, երբ ստորագրում էր ակումբի հետ իր պայմանագիրը, նոր սկսում է գիտակցել, որ մեծ քայլը դեպի Պրեմիեր լիգա կատարված է: «Երբեք չեմ մոռանա այդ պահը, այն ժամը, երբ ակումբի հետ առաջին մարզման ժամանակ կրեցի կարմիր մարզաշապիկը: Ես այնքան ուրախ և հպարտ էի, թե ինչի եմ հասել իմ կարիերայում»,- նշում է նա:
Մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը վնասվածք է ստանում: «Արդար կլինի ասել, որ Մանչեսթերում իմ կյանքի սկիզբը կատարյալ չէր: Սակայն նախկինում ևս եղել էին պահեր, երբ անհաջողություններ էի ունեցել, և ես երբեք չէի հանձնվել: Ես շարունակելու եմ աշխատել ամեն օր, որպեսզի օգնեմ թիմին հասնել հաջողության»,- նշում է խաղացողը:
Մխիթարյանը փաստում է, որ իր համար միշտ երազանք է եղել խաղալ աշխարհի խոշորագույն ակումբներում: «Երբ դու քայլում ես «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, դա պարզապես դաշտ չէ, այլ բեմահարթակ: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այդ բեմին, կարծում եմ` շատ հպարտ կլիներ: Ես կարծես մշտապես հետապնդում եմ նրան: Կարծում եմ, անգամ երբ նա չկա, նա ինձ օգնել է հասնել այստեղ: Եթե նա դեռ ողջ լիներ, գուցե ես այս պահին կլինեի իրավաբան կամ բժիշկ: Փոխարենը, ես ֆուտբոլիստ եմ: Զվարճալի է, քանի որ ես երբեք հանդիպումներից հետո չեմ դիտում ինձ հեռուստացույցով: Ես ատում ե մ ինքս ինձ դիտելը, քանի որ միայն նկատում եմ սխալներս: Ես շատ տարբեր եմ հորիցս իմ խաղաոճով:
Նա արագ հարձակվող էր, ով հզոր հարված ուներ: Ես ավելի շատ տեխնիկա ունեմ: Սակայն շատերը տանը` Հայաստանում, ասում են ինձ, որ ես վազելիս ամբողջովին հորս եմ նման: Նրանք ասում են. «Հենրիխ, դու նրա նման ես, վազում ես նրա նման: Դու այնքան շատ ես նման Համլետին»: Ես չգիտեմ դա, քանի որ տանել չեմ կարողանում նայել ինքս ինձ, սակայն դա կարևոր է: Ես առաջին անգամ երազել եմ ազատ վազել դաշտում` նրա մահից հետո դիտելով նրա տեսագրությունները»,- եզրափակել է Մխիթարյանը: