«Վիճակը տագնապալի չէ». Դավիթ Բաբայան
Այս պահի դրությամբ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է. Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (շուրջ 1400 կրակոց) հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր (9 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ): Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Դ. Բաբայանի խոսքով՝ իրավիճակը որևէ ձևով չի տարբերվում առօրյայից. «Այն է, ինչ կա, որևէ արտառոց զարգացում տեղի չի ունեցել, չի ունենում, նույն հակառակորդն է, նույն ձևով խախտում է զինադադարի ռեժիմը, բայց սա արտառոց չէ, կամ առավել ևս՝ տագնապալի չէ: Այսինքն՝ այն է, ինչ միշտ կա։ Նրանք նման քայլերի միշտ դիմում էին, դժբախտաբար դիմելու են, որովհետև իրենց էությունն է, բայց ասել, որ սա արտառոց է, ու նման բան երբևիցե չի եղել, դա ճիշտ չէ, նման առօրյա է, ինչն ամեն օր է տեղի ունենում»։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ հայտնեց, որ նոր վիրավորներ չկան, իսկ երկու օր առաջ 2 վիրավորվածների վիճակը մնում է կայուն։