Ինտենսիվ խախտումներ շփման գծում. ՊԲ առաջապահ ուժերը հակառակորդին տվել են համարժեք պատասխան
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /շուրջ 1400 կրակոց/ հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /9 արկ/ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ /1 արկ/: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել:
Ինչ վերաբերում է երեկ երեկոյան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած «դաժան մարտերի ընթացքում» հայկական կողմը տվել է 1 զոհ և 9 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
ՊԲ առաջապահ ուժերը, ինչպես երեկ` ողջ օրվա ընթացքում, այնպես էլ անցած գիշեր շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում հակառակորդին տվել համարժեք պատասխան:
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն