«Հենրիխ Մխիթարյանի կյանքի հուզիչ պատմությունը՝ մինչև «Յունայթեդի» փլեյմեյքեր դառնալը». Manchester Evening News
Անգլիական Manchester Evening News-ը ծավալուն անդրադարձ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կյանքին և կարիերայի զարգացումներին:
Ներկայացնում ենք պարբերականի պատրաստած հոդվածն ամբողջությամբ:
«Իմ ամենավաղ հիշողություններից մեկն այն է, որ ես խնդրում էի իմ հայրիկին՝ Համլետին, ինձ իր հետ մարզման տանել Ֆրանսիայում: Ես երևի 5 տարեկան էի: Իմ հայրը խաղացել է նախկին Խորհրդային միության թոփ առաջնությունում՝ իմ հայրենիք Հայաստանում: Նա կարճահասակ, բայց շատ արագ ֆուտբոլիստ էր: Խորհրդային միության ամսագիրներից մեկը 1984 թվականին նրան տվել է «Հարձակման ասպետ» տիտղոսը:
1989 թվականին, երբ ես երեխա էի, Հայաստանում ծավալված որոշ կոնֆլիկտների պատճառով մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Այնտեղ հայրս խաղում էր երկրորդ լիգայում: Ամեն առավոտ, երբ նա գնում էր մարզումների և արտասվելով խնդրում էի նրան, որպեսզի նա տաներ ինձ իր հետ:
Այդ տարիքում ես այնքան էլ չէի մտածում ֆուտբոլով զբաղվելու մասին, ես ցանկանում էի լինել իմ հայրիկի հետ: Բայց նա չէր ցանկանում, որ ես խանգարեի նրան մարզումների ժամանակ, այդ իսկ պատճառով նա խորամանկ ծրագիր էր մշակել:
Մի առավոտ ես ասացի նրան.
– Հայրիկ, տար ինձ քեզ հետ մարզման:
Բայց նա ասաց ինձ.
– Ոչ, Հենրիխ, ես չեմ գնում մարզման, ես գնում եմ սուպերմարկետ, շուտով ես կվերադառնամ:
Ես երկար սպասում էի նրան, բայց նա չէր գալիս: Նա վերադարձավ 4 ժամ հետո՝ առանց տոպրակների: Ես սկսեցի արտասվել:
Իմ ժամանակը հայրիկիս հետ շատ կարևոր էր, բայց կարճ: Երբ ես 6 տարեկան էի, ծնողներս ասացին ինձ, որ մենք տեղափոխվում ենք Հայաստան: Ես իսկապես չհասկացա՝ ինչ է կատարվում: Հայրս դադարեց ֆուտբոլ խաղալ և մենք ողջ ժամանակը տանն էինք անցկացնում:
Ես չգիտեի դրա մասին, բայց հայրս գլխի ուռուցք ուներ: Ամեն ինչ շատ արագ եղավ: Մեկ տարի անց նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, ես չէի կարողանում հասկանալ՝ ինչ ասել է մահ:
Ես հիշում եմ, որ իմ մայրն ու մեծ քույրը միշտ արտասվում էին: Ես հարցնում էի
նրանց՝ որտե՞ղ է հայրիկը, բայց նրանք չէին կարողանում պատասխանել ինձ: Օր-օրի նրանք սկսեցին պատմել ինձ՝ ինչ է տեղի ունեցել:
Ես հիշում եմ, որ մայրս ասում էր՝ «Հենրիխ, նա երբեք չի լինի մեզ հետ»:
Եվ ես մտածում էի՝ երբե՞ք: «Երբեքը» երկար ժամանակ է, երբ դու 7 տարեկան ես:
Մենք ունենք շատ տեսանյութեր, և ես հաճախ եմ դիտում դրանք: Ամեն շաբաթ 2-3 անգամ ես դիտում եմ նրա խաղերը, դա ինձ երջանկացնում է: Ես երջանկանում եմ հատկապես այն ժամանակ, երբ տեսնում եմ՝ ինչպես էր նա նշում գոլը իր թիմակիցների հետ:
Այդ տեսանյութերում իմ հայրիկը ապրում է:
Հայրիկիս մահից մեկ տարի անց ես սկսեցի մարզվել: Նա իմ շարժիչ ուժն էր, նա իմ իդեալն էր: Ես ասում էի ինքս ինձ, որ պետք է վազեմ նրա նման, որ պետք է հարվածեմ նրա նման: Երբ ես 10 տարեկան էի, ֆուտբոլը իմ կյանքն էր: Մարզվել, կարդալ, դիտել, խաղալ ֆուտբոլ անգամ PlayStation-ով: Ես ամբողջովին կենտրոնացած էի ֆուտբոլի վրա: Ես միշտ ցանկացել եմ խաղալ երեք ֆուտբոլիստի նման՝ Զիդան, Կակա և Համլետ:
Շատ դժվար էր, քանի որ իմ մայրը և՛ մայր և՛ հայր էր ինձ համար: Նա միշտ իմ կողքին էր, բայց երբեմն էլ կոպիտ էր ինձ հետ, ինչպես պետք է հայրս լիներ:
Երբեմն ես պարապմունքից տուն էի վերադառնում և ասում էի, որ շատ հոգնած եմ ու ուզում եմ լքել պարապմունքները, բայց մայրս ասում էր, որ ես պետք է շարունակեմ մարզվել և մտքիցս հանեմ պարապմունքները դադարեցնելու մտքերը:
Հայրիկիս մահվանից հետո մայրս պետք է աշխատեր, որպեսզի ապահովեր ընտանիքին: Նա սկսեց աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:
Դա մի փոքր զվարճալի դարձավ, երբ ես սկսեցի խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում: Երբ ես էմոցիոնալ ժեստեր էի անում խաղադաշտում մայրս ինձ նախատում էր և ասում, որ աշխատանքի վայրում գուցե անախորժություններ ունենա: Որքան էլ ես փորձեի արդարանալ, նա ասում էր, որ ես պետք է քաղաքավարի լինեմ:
Դժվար էր, երբ հայր հեռացավ մեզնից: Մայրս և քույր արել են ամեն բան, որպեսզի ես ինձ լավ զգամ: Նրանք անգամ թողեցին, որ ես 13 տարեկանում միայնակ գնամ Բրազիլիա՝ Սան Պաուլու ՝ մարզվելու: Այն ժամանակ ես ամաչկոտ երեխա էի Հայաստանից, ում համար բարդ էր, քանի որ նա չէր խոսում պորտուգալերեն: Բայց ինձ համար միևնույնն էր, քանի որ ես ստացել էի հնարավորություն՝ գնալու ֆուտբոլային դրախտ:
Ես երազում էի լինել Կակայի նման: Բրազիլիան մի վայր էր, որտեղ ես կարող էի սովորել ստեղծարար ֆուտբոլ, նոր ոճ, որը բրազիլացիները կոչում էին ժինգա: Իրականում ես սովորել էի լեզուն Բրազիլիա գնալուց 2 ամիս առաջ, սակայն երբ գնացի Սան Պաուլու, հասկացա, որ մի բան է սովորել լեզուն, մեկ այլ բան՝ խոսել մարդկանց հետ:
Ես մեկնել էի Բրազիլիա ևս 2 հայ ֆուտբոլիստների հետ: Երբ մեզ տվեցին մեր սենյակների բանալիները, մենք հասկացանք, որ մեր հարևանները լինելու են բրազիլացիներ:
Երբ ես մտա սենյակ, այնտեղ տեսա մի նիհար և մուգ մազերով տղայի, ով մոտեցավ ինձ և ասաց՝ ‘Bom dia! Meu nome é Hernanes:
Այն ժամանակ նա պարզապես անծանոթ էր, բայց հիմա նա Էռնանեսն է, ով խաղում է «Յուվենթուսում»:
Մենք ապրում էին մարզաբազայում: Այնտեղ չկային խաղային ապարատներ, այնտեղ կար միայն հեռուստացույց, որտեղ ամեն ինչ պորտուգալերեն էր: Ես չէի հասկանում, թե ինչ էին խոսում բրազիլացի ֆուտբոլիստները: Նրանք ինչ-որ բաներ էին ասում բրազիլերեն և ժպտում էին: Ես ոչինչ չէի հասկանում: Անհնար է նկարագրել, թե ինչ ջերմ են մարդիկ Բրազիլիայում, դա պետք է զգալ:
Մենք շփվում էինք մեկ միջազգային լեզվով՝ ֆուտբոլի լեզվով: Մենք դարձանք շատ մտերիմ ընկերներ: Ես հիշում եմ, որ մի քանի գոլ խփեցի մեկ մարզման ընթացքում և սկսեցի մտածել, որ ես հայ ֆուտբոլիստ եմ, ով գոլեր է խփում Բրազիլիայում: Այդ մտքից ես ինձ աստղ էի զգում:
Բրազիլիայում խելահեղ ֆուտբոլային մշակույթ է: Հայաստանում մենք մարզվում էինք՝ ավելի կենտրանանալով ֆիզիկականի, քան տեխնիկայի վրա: Բրազիլիայում՝ հակառակն էր:
Մայրս ինձ հաճախ էր զանգահարում: Դա մի փոքր ծիծաղելի էր, քանի որ միջազգային զանգերի համար մենք ունեինք միայն մեկ հեռախոս՝ տնօրենի աշխատասենյակում: Ամեն առավոտ մարզումից առաջ տնօրենը գալիս էր և ասում՝ «Հենրիխ, կրկին քո մայրն է զանգահարում»:
Մայրս հեռախոսի մյուս կողմից ինձ բազում հարցեր էր տալիս՝ ինչպե՞ս ես, ինչպիսի՞ն է սնունդը, դու նորմալ սնվե՞լ ես և այլն: Ես պարզապես պատասխանում էի նրան, որ ես մարզումից ուշանում եմ, նա պետք է ավելի ուշ զանգի:
Մի քանի ամիս անց ես տիրապետում էի պորտուգալերենին լավ: Դրանից հետո ես սկսեցի Էռնանեսին սովորեցնել հայկական այբուբենը: Մենք ուրիշ բան չէինք կարող անել, քանի որ այնտեղ չկար PlayStation:
Երբ ես վերադարձա Հայաստան շատ նիհարել էի, բայց ես դարձել էի տեխնիկապես ավելի ճկուն և ակտիվ: Ես ինձ զգում էի, ինչպես հայկական Ռոնալդինիոն:
Այդ ժամանակ իմ գլխում անընդհատ երեք լեզու էր պտտվում՝ հայերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն: Ես խոսում էի կիսահայերեն և կիսապորտուգալերեն: Նույնը կատարվում է հիմա անգլերենի հետ, այնպես որ ներեք իմ ծիծաղելի բառերը:
Հետո ես տեղափոխվեցի Ուկրաինա և այս լեզուներին միացան մի փոքր ռուսերենն ու ուկրաիներենը: Երբ ես տեղափոխվում էի «Շախտյոր», բոլորը ասում էի, որ ինձ համար բարդ կլինի, քանի որ այնտեղ խաղում էին 12 բրազիլացի ֆուտբոլիստներ: Ես ոչինչ չէի ասում, ես միայն ծիծաղում էի: Մտքում միայն մեկ բան էր պտտվում՝ ես կիսով չափ բրազիլացի եմ: 2013-ին ես Ուկրաինայում սահմանեցի ռեկորդ և դրանով փակեցի բոլոր նրանց բերանները, ովքեր ասում էին, որ ես ոչինչ չեմ կարողանա անել, քանի որ հայ եմ:
Այդ ռեկորդից մեկ տարի անց ինձ առաջարկեցին տեղափոխվել Գերմանիա: Դա շատ հետաքրքիր էր: Այստեղ ես պետք է ծանոթանայի ոչ միայն նոր լեզվի, այլև նոր մշակույթի և մթնոլորտի:
Դա շատ բարդ շրջան էր ինձ համար: Առաջին մրցաշրջանը նորմալ էր, բայց հետո ամեն ինչ գնալով վատացավ: Մենք չէինք հաղթում, ես ոչ միայն գոլ չէի խփում, այլև փոխանցումներ չէի անում: Դա շատ տհաճ էր ինձ համար:
Ես շատ դժվար գիշերներ եմ ունեցել իմ բնակարանում, ես միայն մտածում էի և մտածում: Ես հրաժարվում էի անգամ ընթրիքից: Բայց կա մի հետաքրքիր բան. նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը եկավ Դորտմունդ և փոխեց ամեն ինչ:
Նա եկավ և ասաց, որ պետք է ստանա ամեն ինչ ինձնից: Ինձ թվաց, որ նա կատակում է, բայց նա նայեց ինձ և ասաց, որ ես պետք է լինեմ մեծագույնը:
Դա շատ մեծ նշանակություն ունեցավ ինձ համար: Ես կրկին երջանիկ զգացի ինձ և սկսեցի աշխատել: Դա լավագույն մրցաշրջանն էր իմ կարիերայում: Հետո ես տեղափոխվեցի Անգլիա:
Եթե ես նորից ծնվեի, գուցե լինեի իրավաբան կամ բժիշկ: Փոխարենը ես ֆուտբոլիստ եմ:
Ծիծաղելի է, բայց ես երբեք չեմ նայում իմ խաղերը: Ես միշտ նկատում եմ միայն սխալներս և բարկանում եմ: Կարծում եմ, ես շատ տարբեր եմ հայրիկիցս: Շատերն ասում են, որ իմ խաղը նման է հայրիկիս խաղին, որ մենք նույն կերպ ենք գործում: Չգիտեմ, ես չեմ նայում իմ խաղը կողքից: Հորս մահից հետո ես դիտում էի նրա տեսանյութերը և երազում էի խաղադաշտով ազատ վազելու մասին»:
Սիրարփի Աղաբաբյան