«Երբ երազանքը այդքան մոտ է, մի փոքր բարդ է դրան հավատալը». Մխիթարյանը՝ «Յունայթեդ» տեղափոխության մասին
Անգլիական Manchester Evening News պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ներկայացնում ենք պարբերականի պատրաստած հոդվածն ամբողջությամբ:
««Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ցանկությամբ հուլիսին 26.3 մլն եվրոյի դիմաց գնեց Մխիթարյանին, որպես ստեղծարար ֆուտբոլիստ, ով փայլում էր Թոմաս Տուխելի գլխավորությամբ:
Դժվար մեկ ամսից հետո Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ և երկու անգամ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը, ում կոչում էին Զիդան, Կակա և Համլետ, նշում է.
«Ամռանը ինձ զանգահարեց իմ գործակալ Մինո Ռոյալոն և ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել ինձ հետ: Դա անակնկալ էր ինձ համար:
Ես հարցրի՝ սա իրականություն է, թե՞ ենթադրություն: Երբ երազանքը այդքան մոտ է լինում, մի փոքր բարդ է դրան հավատալը:
Մի քանի օր անց ինձ զանգահարեց ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը և ասաց, որ ակումբը լրջորեն հետաքրքրված է ինձանով: Կարո՞ղ եք պատկերացնել՝ որքան հուզված էի ես:
Երբ ակումբն ու իմ գործակալը սկսել էին բանակցությունները, ես ժամանակ ունեի մտածել իմ որոշման մասին: Ես գիտեի, որ բարդ մարտահրավեր էր իմ՝ Դորտմունդի հաջող շրջանում հեռանալն ու «Յունայթեդ» գալը, բայց ես չէի ուզում ծեր մարդու նման նստել իմ աթոռին: Ես միշտ ուզում եմ առաջ շարժվել: Ես պատրաստ էի տեղափոխվել:
Այն պահին, երբ ես ստորագրում էի պայմանագիրը ակումբի հետ, ես հասկացա, որ այս մեծ քայլը կատարված է և իմ՝ Պրեմիեր լիգա տեղափոխությունը իրականություն է:
Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ ակումբում առաջին մարզումից առաջ ես հագա իմ կարմիր մարզաշապիկը: Այդ պահին ես երջանիկ և հպարտ էի նրանով, ինչին հասել եմ իմ կարիերայում»,- նշել է Հենրիխը:
Սիրարփի Աղաբաբյան