Բաժիններ՝

«Հեյ, Միկի, դու հիասքանչ էիր». երկրպագուների և լրագրողների արձագանքը՝ Մխիթարյանի խաղին

Երեկ ուշ երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ խաղով կարողացավ հաղթել «Վեսթ Հեմին» և նվաճել Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր: Այս խաղում մեկնարկային րոպեներից դաշտ էր դուրս եկել մանչեսթերյան ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մխիթարյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Առաջին և երկրորդ խաղակեսերի մեկնարկային րոպեներին գոլային փոխանցումներ կատարած Մխիթարյանի խաղը, ինչպես միշտ, անտարբեր չի թողել երկրպագուներին: Մանչեսթերյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջն առանձնացրել է երկրպագուների լավագույն մեկնաբանությունները՝ կապված Մխիթարյանի խաղի հետ: Այս բլոկը անգլիական ակումբի թվիթերյան էջն անվանել է՝ «Հեյ, Միկի, դու հիասքանչ էիր»:
Երկրպագուները գրել են, որ Մխիթարյանը հիասքանչ ֆուտբոլ է խաղացել՝ նշելով, որ Պրեմիեր լիգայում կան շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց Մխիթարյանը ֆուտբոլային ինտելիգենտ է:

Առաջին խաղակեսի ավարտին MUTV-ի ուղիղ եթերում ֆուտբոլային փորձագետ Դևիդ Մեյը նշել է, որ գնդակը պետք է տալ Մխիթարյանին, և վերջ:

«Այս պահին նրա խաղը պարզապես ֆանտաստիկ է: Տվեք նրան գնդակը, և նա ավելի ու ավելի շատ հրաշքներ կգործի»,- նշել է Մեյը:

«Չկա Մխիթարյան, չկա հարձակում»,- խաղի ուղիղ մեկնաբանման ժամանակ նշել է Eurosport-ի մեկնաբան Վասիլի Ուտկինը: Ուտկինը նաև նշել է, որ խաղի լավագույնի կոչումը կարելի էր տալ Մարսիալին, եթե, իհարկե, խաղադաշտում չլիներ Մխիթարյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս