
Ռուսաստանը 2017-ին Հայաստանին մատակարարվող գազի գինը կպահպանի 150 դոլար

Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կպահպանի 150 դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Այս մասին նշված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկության մեջ: Արձանագրության ստորագրման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է, որ արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում արձանագրության ստորագրումը Հայաստանի կողմից:
Մինչ 2016 թվականի ապրիլը ՌԴ-ն ՀՀ-ին գազը մատակարարում էր 165 դոլարով: Ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն էր ձեռք բերվել սակագինը նվազեցնել մինչև 150 դոլար և ստորագրվել համապատասխան փաստաթղթեր: