Պարզվել է 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, այն է ՝ հեմոռագիկ շոկ՝ պայմանավորված ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասության հետ։
32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կնոջ մահվան պատճառները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
Նոյեմբերի 29-ին վարույթն իրականացնող մարմինն ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդմ՝ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ հրապարակում ենք մահվան պատճառի վերաբերյալ փորձագետների եզրակացությունը։
«Հ.Նազլուխանյանի մահվան անմիջական պատճառն է հեմոռագիկ շոկը, որը պայմանավորված է հետծննդաբերության վիճակից հետո, վաղ հետծննդյան շրջանի, հեշտոցի ձախ կողմնային պատի անցումով արգանդի պարանոցին ծննդաբերական պատռվածքի, հեշտոցի աջ կողմնային պատի արյունահավաքի, մասնակի կարված հեշտոցի ձախ կողմնային պատի պատռվածքի, հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի փափուկ հյուսվածքների՝ արյունով ներծծման, արտաքին սուր արյունահոսության, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասության հետ»,- նշված է թիվ 0922 փորձագիտական եզարակության մեջ:
Քննիչը նույն օրը՝ նոյեմբերի 29-ին, որոշում է կայացրել նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ բժշկի սխալի առկայությունը պարզելու համար:
Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին