Կորսվող հնարավորություններ

«Չնայած Թուրքիա-Իրան հակասություններին, թուրքական իշխանություններն օր օրի աշխատում են իրանցի գործարարներին, գիտնականներին ներգրավելու ուղղությամբ՝ քաղաքացիություն են տալիս, պայմաններ  ստեղծում, որպեսզի իրանցիները Թուրքիայում ներդրումներ կատարեն, և այլն։  Այս հնարավորությունը մենք՝ հայերս, չենք օգտագործում, կարծես մի կետի վրա սահմանափակվում ենք»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին։

Նա նաև նշել է, որ ՀՀ-ն  շատ ավելի լայն դաշտ ունի Իրանի հետ աշխատելու համար, ինչը չի օգտագործում։ «Իրանական գազը թուրքական կողմից հասնում է դեպի Եվրոպա։ Այսօր Թուրքիայի  իշխանությունների վարած քաղաքականությունը, հատկապես՝ Սիրիայում  և Իրաքում հակաքրդական, հակաիրանական գործունեությունը, այնպիսի վիճակ է ստեղծում, որ Իրանը սկսում է մտածել այլընտրանքների մասին։ Այդ այլընտրանքը որքան ավելի բարեկամ երկրի հետ լինի, այնքան ավելի հուսալի կարող է լինել Իրանի համար։

Իսկ Իրանի համար Հայաստանը կարող է հուսալի լինել, եթե ցանկանան դա ՀՀ իշխանությունները և նման քայլի գնան։ Բարեբախտաբար, իրանական կողմը ձգտում ունի օգտվել Հայաստանի տարածքից դեպի Եվրոպա իրանական գազը դուրս բերելու համար, այս տարանցման պրոյեկտը վերաբերում է թե գազին, թե այլ արտադրություններին։ Իրանին հետաքրքրում է նաև Հայաստանի ներկայությունը Եվրասիական տնտեսական միության կազմում, եթե Հայաստանը կարողանա իրանական ապրանքը դուրս բերել եվրասիական   շուկա, դրանից  օգուտ կքաղի թե Իրանը, թե Հայաստանը։ Իրանական կողմը դիտարկում է այս հնարավորությունները»,- ասել է Մովսես Քեշիշյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս