«Եկեք օգնեմ վերացնել Ասադին». Ժիրինովսկին անդրադարձել է Ասադին տապալելու էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի բացառել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երեկ արած հայտարարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու վերաբերյալ, «ժեստ է Արևմուտքին», որի նպատակն է լավացնել եվրոպացիների հետ հարաբերությունները, հաղորդում է Interfax-ը։
«Եկեք ես օգնեմ վերացնել Ասադին, իսկ դուք ինձ արագորեն Եվրամիություն կընդունեք։ Լինում են նման խորամանկ քայլեր՝ ես մնում եմ ՆԱՏՕ-ում, տապալում եմ Ասադին, իսկ դուք ինձ անհապաղ ընդունում եք Եվրամիություն, բացում Շենգենյան գոտին, իսկ ես բոլոր փախստականներին հետ կուղարկեմ Սիրիա։ Եվրոպան կարող է դրան գնալ, այն վախեցած է»,- հայտարարել է Ժիրինովսկին։
Բացի այդ՝ նրա կարծիքով, Էրդողանի այդ հայտարարությունը կարող է կապված լինել նրա հետ, որ Սիրիան Օսմանյան կայսրության ժամանակ եղել է դրա մաս և կապ չունի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հետ։
«Սիրիայի հետ նրանց հարաբերություններն այնպիսին են, ինչպես մերը՝ Ղրիմի, դա Օսմանյան կայսրության մաս է եղել, և նրանք, իհարկե, ցանկանում են վերադարձնել Հյուսիսային Սիրիայի մի ինչ-որ մասը, ինչպես նաև Հյուսիսային Իրաքը։ Այդ պատճառով մենք, իհարկե, ընդառաջ չենք գնա դրան, մենք պաշտպանում ենք Բաշար Ասադին, նա մեր դաշնակիցն է, նա օրինական նախագահ է»,- ասել նա։
Միևնույն ժամանակ, Ժիրինովսկին պնդում է, որ անհրաժեշտ է տարբերակել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները և Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։