
«Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են ընդլայնել ռազմական համագործակցությունը». Շոյգու

Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի ուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման ոլորտում:
Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը։
«Մեր շփումները 2016թ. ընթացքում ընթացել են նախատեսվածի համաձայն, ինչ-որ տեղ մենք ծրագրին հավելումներ ենք արել, որոնք նախկինում չէինք ունեցել: Նկատի ունեմ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մեր համատեղ աշխատանքը: Եվ այստեղ, իհարկե, հատուկ դեր է խաղում արագ փոխվող իրավիճակը, աշխարհում տիրող վիճակը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության պլանները իրականացվել են և իրականացվում են։
«Մենք ձեզ հետ պատրաստել ենք 2018թ. ծրագիրը: Մենք հետագայում ևս կընդլայնենք այն ամենը, ինչը կոչվում է ռազմական համագործակցություն: Դա վերաբերում է և՛ շտաբային բանակցություններին, և՛ գլխավոր հրամանատարների մակարդակով շփումներին: Դա անկասկած, վերաբերում է կրթությանը: Մենք կընդլայնենք դա, ձեզ կառաջարկենք համագործակցության հավելյալ կետեր»,- նշել է Շոյգուն: