Էդմոն Մարուքյանն առաջարկում է՝ պատգամավորներին զենք կրելու իրավունք տալ

«Ժամանակին եղել է, որ պատգամավորները հաշվեցուցակային զենք կրելու իրավունք են ունեցել, և Խորհրդարանն իր հատուկ բաժնի միջոցով զենք տվել է պատգամավորներին, եթե նման կարիք առաջացել է»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա առաջարկեց այդ զենք ունենալու դրույթը նույնպես ամրագրել ԱԺ կանոնակարգում։

«Իհարկե, ես մտքի ծայրով փորձեցի հասկանալ՝ երբվանից եք որոշել զենք կրել, վտանգավորության աստիճանը ձեզ համար երբվանից է բարձրացել կամ առաջացել։ Կարծում եմ՝ ազգընտիրները պետք է քայլեն ժողովրդի հետ և անվտանգ, ժողովրդի հետ ավելի անվտանգ է, ձեր առաջարկներն ինձ համար ընկալելի են, առաջինից երկրորդ ընթերցմանը  կներկայացնեք, մենք կանդրադառնանք»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը։

Է. Մարուքյանը նշեց, որ Հայաստանում բոլորը գիտեն, որ իշխանության պատգամավորներն օրինական զենք ունեն. «Դուրս է գալիս՝ Հայաստանում անհավասարություն կա նաև այս առումով։ Կարծում եմ, որ Հայաստանում, շատ վերահսկելի ձևով, բայց զենք կրելու իրավունք պետք է ունենան բոլորը։ Եթե ՀՀ-ում մեկն իրավունք ունի վարչապետի նվիրած կամ չգիտեմ՝ ում նվիրած զենքով ման գա ու իմանա, որ իր  դիմացինը զենք չունի, ես մտածում եմ՝ այդտեղ պետք է հավասարություն լինի։ Կարծում եմ, որ ընդդիմադիր պատգամավորները պաշտպանության կարիք ունեն։ Սա ես ինձ համար չեմ ասում, որովհետև հաջորդ խորհրդարանում եթե ես լինեմ, ընդդիմություն չեմ լինելու, սա կարծում եմ՝ նաև ձեզ է վերաբերում»։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ, եթե մի քանի իշխանական պատգամավորներ «Որսորդ» միության անդամ են ու զենք ունեն, կամ ունեն անձնական ստացած պարգևներ, պետք չէ  տարածել մյուսների վրա։

Տեսանյութեր

Լրահոս