Ծառայությունը հորդորում է կատարել թարմ մսի իրացման կետերին ու շուկաներին ներկայացվող պահանջները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով:
Կենդանական ծագման մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է:
Խիստ կարևոր է հետևել ինչպես մսի և մսամթերքի պահմանն ու իրացմանը, այնպես էլ փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, մասնավորապես՝ մսի տեղափոխումը կատարել սառեցնող կամ հավասարաջերմ թափքով, տեխնիկապես սարքին, մաքուր փոխադրամիջոցներով: Թարմ միսը պետք է տեղափոխել առանձին: Ամեն օր, տեղափոխման ավարտից հետո, փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման: Միս տեղափոխող և դրա հետ շփվող անձինք նույնպես պարտավոր են ունենալ անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, ապահովված լինել մաքուր հագուստով:
Իրացվող միսը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի արդյունքներով մսեղիքը, կիսամսեղիքը և քառորդները դրոշմվում են անասնաբուժական հետևյալ կնիքներով.
Սպառողներին կոչ ենք անում գնել բացառապես անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված և սննդում օգտագործելու համար պիտանի ճանաչված միս՝ հավաստիանալով, որ առկա են մսեղիքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, փորձաքննության եզրակացությունը, անասնաբուժական դրոշմակնիքները, ինչպես նաև գնումներ կատարել միայն սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովող վաճառակետերից և խուսափել անհայտ ծագման միս գնելուց:
Ծառայությունը կուժեղացնի վերահսկողությունը մսի շուկայում, իսկ խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները: