
Վալերի Բուայեի պարանոցի հայկական խաչը սկանդալ է հարուցել Ֆրանսիայում

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի պարանոցի հայկական խաչը հեռուստահարցազրույցի ընթացքում համացանցում քննադատությունների տեղիք է տվել։
Բազմաթիվ օգտատերեր մեղադրել են Բուայեին Ֆրանսիայի օրենքների ու հիմնադրույթների խախտման մեջ, քանի որ կրոնական խորհրդանիշների ցուցադրումը երկրում օրենսդրորեն արգելվում է։
Սկանդալն իր արտահայտումն է գտել նաև ԶԼՄ-ներում։
Le Figaro-ն գրում է, որ նրա պարանոցի հայկական խաչը Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի խորհրդանիշ է։
Պարբերականը գրում է, որ հայկական խաչ կրելու վրա ազդել է պատգամավորի՝ Մարսելի հետ ունեցած կապը, որտեղ կա հայկական մեծ համայնք։
«Ես երբեք չեմ հանում իմ «խաչքարը»։ Դուք կարող եք նայել իմ լուսանկարները։ Ամենուր ես խաչով եմ։ Չեմ կարծում, թե անհրաժեշտ է ինչ-որ մեկնաբանություններ անել այդ առնչությամբ։ Խաչը ճնշման խորհրդանիշ չէ, այլ հակառակը»,- ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Բուայեն։