
Ֆրանսիան Հալեպի պատճառով պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ հրավիրել

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Հալեպի վիճակը, որտեղ մի քանի օր է, ինչ շարունակվում են թեժ մարտերը, հայտնում է BBC-ն։
«Ավելի, քան երբևէ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու ռազմական գործողությունները և մարդասիրական օգնություն հասցնել Հալեպ»,- հայտարարել է Էյրոն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենի խոսքով՝ գրեթե 16 հազար խաղաղ բնակիչ է լքել Հալեպի արևելյան շրջանները թեժ մարտերի հետևանքով, որոնք վերջին օրերին մղվում են քաղաքում։
Այսօր սիրիացի զինվորականները հայտնել են, որ իրենց հաջողվել է ապստամբներից խլել արևելյան Հալեպի ավելի քան մեկ երրորդը։