«Ադրբեջանն ու Բելառուսն ակտիվորեն աջակցում են միմյանց միջազգային կառույցներում». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մի շարք փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի առաջ հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Մեր շփումները միշտ կրում են շատ անկեղծ, բաց, ընկերական բնույթ։ Հենց նոր ստորագրվել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք նախանշում են ապագա համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով»,- հայտարարել է Ալիևը։
Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել Լուկաշենկոյին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման համար։
«Մենք ակտիվորեն աջակցում ենք միմյանց միջազգային կառույցներում։ Մենք թանկ ենք գնահատում համագործակցության այդ մակարդակը»,- հայտարարել է նա։
Ալիևը տեղեկացրել է, որոշում է կայացվել ստեղծել առևտրային տներ Ադրբեջանում և Բելառուսում։
«Մեր համագործակցության համեմատաբար նոր ուղղություն է էներգետիկայի ոլորտը։ Տրվել են համապատասխան ցուցումներ, որպեսզի այդ համագործակցությունը դառնա երկարաժամկետ ու կայուն, քանի որ նավթային գործարքների ու նավթի արտահանման համար անհրաժեշտ են երկարաժամկետ մատակարարումներ»,- նշել է Ալիևը։