Համացանցում տարածվել են Կոլումբիայում կործանված ինքնաթիռի առաջին լուսանկարները
Radio Colombia ռադիոկայանը Twitter-ում առաջին լուսանկարներն Է հրապարակել Կոլումբիայի Անտիոքիայի նահանգում մարդատար ինքնաթիռի կործանման վայրից: Դրանցում երեւում են օդանավի բեկորները, ինչպես նաեւ «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբի խորհրդանշանող մարզական հանդերձանքը, որի խաղացողներն ու անձնակազմը մեկնել էին Մեդելյին՝ մասնակցելու Հարավամերիկյան գավաթի եզրափակիչի առաջին մրցախաղին:
Univision հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավում եղել են 72 ուղեւորներ եւ անձնակազմի ինը անդամներ: Նշվում է, որ աղետյալներից վեցը փրկվել են եւ տեղափոխվել Ռիոնեգրո քաղաքի հիվանդանոցներ:
Նշենբք, որ ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 28-ի երեկոյան (Երեւանի ժամանակով նոյեմբերի 29-ի առավոտյան) Ռիոնեգրոյի մերձակայքում: Նշվում է, որ աղետի պատճառը եղել է վառելիքի անբավարարությունը: Օդանավի հրամանատարն այդ մասին հայտնել էր Մեդելյինի օդանավակայանի դիսպետչերներին: Ինքնաթիռին հանձնարարվել էր վայրէջք կատարել, բայց նշանակման վայր հասնել չի հաջողվել: