ԱՄՆ-Կուբա հարաբերությունները՝ հարցականի տակ

Ֆիդել Կաստրոյի մահվան հանգամանքը մի շարք հարցեր է առաջ բերում Կուբայի տնտեսության ապագայի ու այլ երկրների հետ Կուբայի հարաբերությունների վերաբերյալ։ Դեռեւս պարզ չէ, թե արդյոք հեղափոխական առաջնորդի մահից հետո Հավանան կընտրի դեպի շուկայական տնտեսություն իրական քայլեր կատարելու ուղի՞ն, թե՞ ոչ։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Կենդանության օրոք Ֆիդել Կաստրոն Կուբայի տնտեսական դժվարությունները կապում էր ԱՄՆ-ի կողմից կիրառվող տնտեսական ճնշամիջոցների հետ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նման այլ ղեկավարներ նույնպես գտնում են, որ արդեն եկել է այդ բեռնարգելքից հրաժարվելու ժամանակը։

«Այսօր նորից հորդորում եմ, որ հանվի Կուբային պատժելու նպատակով սահմանված բեռնարգելքը։ Կուբան պետք է լիովին համարվի գործընկեր՝ միջազգային համայքնում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Չնայած ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ իրականացվող սահմանափակումները որոշ չափով հանվել են, բեռնարգելքը դեռեւս շարունակում է մնալ ուժի մեջ։ Իսկ ամերիկյան այն ընկերություններն էլ, որոնք փորձում են ներդրումներ կատարել այդ երկրում, ասում են, թե իրենց մեծապես խանգարում է բյուրոկրատական քաշքշուկը։

Կուբացի ներգաղթյալների որդի, ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի խոսքերով, Ֆիդել Կաստրոյի մահը կուբացիներին մի քայլ առաջ է տանում դեպի ազատություն։

«Սակայն եթե ուզում եք հյուրանոցային ճյուղում բիզնես սկսել Կուբայում, պետք է հանդիպեք նախագահ Ռաուլ Կաստրոյի որդուն, գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու նպատակով ստիպված եք լինելու գործ ունենալ նրա փեսայի հետ, որոնք երկուսն էլ Կուբայի բանակում բարձրաստիճան պաշտոնյաներ են»:

Կուբայի հետ առեւտրային կապերը բարդացնող մեկ այլ հանգամանք է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության փաստը։ Հիշեցնենք, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը մի քանի անգամ է քննադատել Կուբայի հետ հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելու նախագահ Բարաք Օբամայի ջանքերը, եւ սպառնացել է հետ շրջել այդ գործընթացը։

«Կաստրոյի վարչակարգին Բարաք Օբամայի կողմից մատուցված բոլոր զիջումներն իրականացվել են նախագահական գործադիր հրամանի եղանակով, ինչը նշանակում է, որ հաջորդ նախագահը կարող է չեղյալ հայտարարել այդ որոշումները։ Եվ ես դա կանեմ, եթե Կաստրոյի վարչակարգը չկատարի մեր պահանջները։ Իսկ այդ պահանջները վերաբերում են խղճի ու քաղաքական ազատություններին։ Պահանջում ենք նաեւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակում»։

Թրամփի այս մոտեցումը կիրակի օրը պաշտպանել է Թրամփի կողմից Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ընտրված Ռեինս Փրիբուսը, որն ասել է, թե Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ ունենալու համար ԱՄՆ-ը Կուբայից սպասելու է որոշ տեղաշարժ։

Տեսանյութեր

Լրահոս