Բաժիններ՝

Մեկնարկել է ՀՀ պաշպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն նոյեմբերի 27-­ին մեկնարկած պաշտոնական այցի առաջին օրը՝ նոյեմբերի 27­-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ Ռոստով քաղաքում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ զինված ուժերի ձևավորման և կայացման գործում մեծ դերակատարություն ունեցող գեներալ­լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի և գեներալ­գնդապետ Լև Շուստկոյի հիշատակին, ծաղիկներ է դրել նրանց հիշատակին տեղադրված հուշատախտակների մոտ, զրուցել է գեներալներ Անդրեասյանի և Շուստկոյի այրիների հետ: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Ռոստով քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 28-­ի առավոտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ռոստով քաղաքի զոհված զինծառայողների հուշահամալիրում: Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ձեռնարկություն, ծանոթացել է ձեռնարկության արտադրական հնարավորություններին: Նոյեմբերի 28-­ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի շտաբում, ծանոթացել է օկրուգի ղեկավարման և կառավարման համակարգին:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հարավային օկրուգի հրամանատարության հետ, քննարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման շրջանակում փոխգործակցության ամրապնդման, խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման հետ կապված խնդիրներ:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս