Բացահայտվել է ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհից ավելի քան 134 000 եվրոյի հափշտակությունը
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հասարակական կազմակերպության նախագահի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակությունը։ Պարզվել է հանցագործության մեխանիզմը, վերականգնվել պատճառված վնասը։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հասարակական կազմակերպությունը 2008 թվականին մասնակցել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի համար հայտարարված մրցույթին, ներկայացրել ծրագիր, որի արդյունքում 2008 թվականի դեկտեմբերին ստորագրվել է դրամաշնորհի պայմանագիր՝ նախատեսված մի քանի տարվա համար։
Բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ հասարակական կազմակերպության հաշվեհամարին մաս-մաս փոխանցվել են պայմանագրով նախատեսված գումարները, սակայն կազմակերպությունը չի կատարել ստանձնած պարտավորությունները, և կազմակերպության նախագահը յուրացրել է փոխանցված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափի գումար։ Հափշտակված գումարի չափը գնահատվել է 134.620 եվրոյին համարժեք 67.335.130 ՀՀ դրամ։
Հափշտակության փաստը քողարկելու համար պատրաստվել են ծրագրի ընթացքում, իբր, կատարած ծախսերը հիմնավորող կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և ներկայացվել Եվրոպական միությանը։
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է ամբողջությամբ. գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին:
Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ վարույթում քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին