Բաժիններ՝

«Տանկիստը երեք րոպեի կյանք ունի». տանկիստ Ռաֆիկ Կրպեյան

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Ռաֆիկ Կրպեյանին և նրա սխրանքի պատմությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքա նշանով։ Ռաֆիկն այժմ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, որտեղ ստանում է փրկարարի մասնագիտություն։ Այժմ նա երրորդ կուրսում է և սովորում է անվճար համակարգում։ Իր առաջնային նպատակներից է, որ ավարտի ուսումն ու իր մասնագիտությամբ աշխատի։ «Երազանքներ չունեմ, ավելի շուտ նպատակներ են, որոնք աշխատում եմ իրագործել»,- ասում է մեր պատմության հերոսը։

Ռաֆիկ Կրպեյանը նաև սիրում է սպորտով զբաղվել։ Ասում է, որ մինչև բանակ գնալը պարապել է ըմբշամարտ. «Մրցումների եմ մասնակցել, զբաղեցրել եմ առաջին, երկրորդ տեղերը: Մրցումներն եղել են Հայաստանի տարածքում, արտերկրում չեմ մասնակցել»։ 2014 թվականից նա զորակոչվել է ժամկետային ծառայության։ Սկզբում ծառայել է Արմավիրում՝ տանկային զորամասում, հետո՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Մարտակերտում։ Ասում է, երբ իմացել է, որ Ղարաբաղ է գնալու, առաջինը, որ մտքով անցել է՝ դիրքերն են եղել. «Մտածեցի՝ դիրքերում եմ լինելու։ Իմ կարծիքով, ծառայությ ունն անիմաստ կլիներ առանց դիրքեր գնալու»։

Այդ խոսքերը լսելուց հետո խնդրեցի, որ պատմի քառօրյա պատերազմի մասին։ Ասում է, որ հենց առաջին օրից եղել է Թալիշում։ «Ապրիլի 2-ին մենք ճաշարանից դուրս եկանք, պատրաստվում էինք հերթափոխի, իսկ հետո շարային ստուգատես պիտի լիներ։ Այդ ժամանակ հրամանատարը տագնապ հայտարարեց, և ընդհանուր զորամասն առաջ շարժվեց։ Դրանից հետո մեր հրամանատարը երկու տանկ հանեց հակառակորդի դեմ, մեկը՝ իմը։ Առաջացանք դեպի Թալիշ գյուղը»,- պատմում է Կրպեյանը։

Վերհիշելով ապրիլյան այդ օրերը՝ նա ասում է, երբ արդեն գյուղում են եղել, սկսել են իրենց ուղղությամբ կրա կել հենց գյուղի միջից։ Ապրիլի 3-ին ետ են գնացել ու, թշնամու գրաված դիրքերը ետ վերցնելով, առաջ են շարժվել մինչև վերջին դիրքը՝ 162-րդը։ «Դրանից հետո երկու ամիս ու կես մնացինք դիրքերում ու հետո ետ իջանք գյուղ, երբ արդեն հրադադար էր հաստատվել։ Մեր գումարտակի հրամանատարի ու դիվիզիայի մարտական գծով տեղակալի հետ ապրիլի 3-ին մոտավորապես ժամը 5-ի սահմաններում մի տանկ խփեցինք։ Նրանք նկատել էին տանկը։ Հրամանատարը ցույց տվեց մեզ, հետո մեր տանկը գործի գցեցինք, առաջ գնացինք ու խոցեցինք հակառակորդի տանկը։

Խոսակցության ընթացքում Ռաֆիկն ասում է, որ տանկիստը երեք րոպեի կյանք ունի։ Հարցնում եմ, թե ինչ նկատի ունի: Ասում է՝ երբ տեսնում ես թիրախը՝ հակառակորդի տանկը, որը պետք է ոչնչացնել, կրակում ու վրիպում ես, վերալիցքավորելու ժամանակահատվածը ամենաշատը երեք րոպե է տևում: Այդ ընթացքում ամեն ինչ կարող է պատահել, կարող են քեզ խփել: Եվ հենց դա է պատճառը, որ տանկիստը երեք րոպեի կյանք ունի։

«Այդ ընթացքում մտածում էինք, որ ցանկացած ժամանակ այդ երեք րոպեն կարող է սպառվել, բայց այդպես էլ չսպառվեց, հաղթահարեցինք այդ րոպեները»: Ասում եմ. «Իսկ ի՞նչ է իք մտածում այդ պահին տանկի մեջ»:

rafik-krpeyan-1

Պատասխանում է. «Դե, տանկի մեջ ընդհանրապես երեք հոգի են լինում, մենք էլ ընկերներով մեկս մյուսիս սիրտ էինք տալիս։ Տանկում, բացի ինձնից, նաև Խաչատրյան Գևորգն ու Սահակյան Սամվելն էին։ Միմյանց հետ անընդհատ մեր ընտանիքներից էինք խոսում, դա շատ օգնեց։ Այսինքն՝ անընդհատ մտածել ենք, որ Աստծո կամքով ողջ և առողջ վերադառնանք մեր ծնողների մոտ»։

Հարցին, թե իր կարծիքով այդ ո՞ր ուժն է փրկել նրան, պատասխանում է, թե իրենք մտածել են, որ ամեն ինչ նորմալ կվերջանա։ «Եթե հակիրճ լինեմ՝ ծնողների հանդեպ սերն ու կարոտն է եղել այն ուժը, որ մեզ փրկել է»,- նշեց Ռաֆիկը։ Հավելեց նաև, որ, այդ ամենից բացի, իր բախտը նույնպես բերել է, որ ողջ է մնացել և շատ մեծ դերակատարում է ունեցել իրենց հրամանատար Կարեն Ջալավյանը. «Միշտ մեր կողքին էր հրամանատարը։ Իր շնորհիվ էր, որ այդքան բանի հասանք»։

Հերոս տանկիստն ասում է, որ հարկ եղած դեպքում անպայման նորից կգնա դիրքեր՝ պաշտպանելու մեր հողը։ Հետո հարցնում եմ՝ արդյոք ինքն իրեն հերոս համարո՞ւմ է: Ռաֆիկը համեստորեն լռում է։ Դրա փոխարեն նա բացատրում է, թե ովքեր են իր համար հերոսները. «Հերոսներ են այն մարդիկ, ովքեր գիտակցել են, որ տվյալ քայլն անելու դեպքում իրենք կզոհվեն, բայց, այնուամենայնիվ, արել են այդ քայլը։ Հերոսներ են նրանք, ովքեր չեն վախեցել, հասկանալով վտանգը՝ մահվանն ընդառաջ են գնացել ու պաշտպանել հայրենիքը, ընտանիքը, ընկերներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս