Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին վերացնել արտահանման ոլորտի առևտրային բոլոր սահմանափակումները
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Ռուսաստանին ամբողջությամբ հանել ռուսական շուկա թուրքական պարենի մատակարարման բոլոր սահմանափակումները։ Այս մասին Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցի նախօրեին հայտարարել է TASS-ին տված հարցազրույցում։
«Կարևոր է, որ չեղյալ հայտարարվեն բոլոր դեռևս գործող արգելքները, որ սահմանվել էին թուրքական պարենի և գյուղմթերքի նկատմամբ։ նաև անհրաժեշտ է հանել ոլորտային սահմանափակումները թուրքական ընկերությունների և ձեռնարկատերերի համար»,- ասել է նա։
Չավուշօղլուն հիշեցրել է որոշ խնդիրների մասին, որոնք երկկողմ հարաբերությունների ճգնաժամից հետո առաջացել էին թուրք բեռնափոխադրողների մոտ։
«Անհրաժեշտ է բացել հնարավորությունները մեր բեռնափոխադրողների գործունեության համար»,- նշել է նա
Լավրովը Չավուշօղլուի հետ պետք է հանդիպի դեկտեմբերի 1-ին Թուրքիայի Ալանիա քաղաքում։