Ինչպես են վաստակում և ինչպես են ծախսում հայաստանցիները

Հայաստանի Հանրապետության տնային տնտեսությունների եկամտի գլխավոր աղբյուրը վարձու աշխատանքն է։ Այսպես, 2015 թվականին տնային տնտեսության միջին ամսական անվանական դրամական եկամուտները տնային տնտեսության մեկ շնչի հաշվով կազմել են 52377 դրամ, որից 28800 դրամը (55%-ը)՝ վարձու աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն, 2016թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցից։

Դրամական եկամտի երկրորդ խոշոր աղբյուրը կենսաթոշակներն ու նպաստներն են (9284 դրամ կամ 17.7%), երրորդը՝ ինքնազբաղվածությունը (4842 դրամ կամ 9.2%):

Արտասահմանից ստացվող դրամական փոխանցումներից (տրանսֆերտներից) ստացվող եկամուտներն իրենց կշռով չորրորդն են (4698 դրամ)՝ 2014 թվականի երրորդի փոխարեն, ինչը պայմանավորված է տրանսֆերտների ներհոսքի զգալի կրճատմամբ։

Բացի տրանսֆերտներից, 2015 թվականին կտրուկ նվազել են նաև սեփականությունից ստացվող եկամուտները (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)։ 2014 թվականին այդ աղբյուրից ստացվող միջին ամսական անվանական եկամուտը 1 շնչի հաշվով կազմել է 195 դրամ, իսկ 2015 թվականին՝ 115 դրամ։ Սա անուղղակիորեն վկայում է տնտեսական ակտիվության մակարդակի նվազման մասին։

Քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև դրամական եկամուտների չափն էլ, բնականաբար, տարբերվում է։ Քաղաքային բնակավայրերում միջին ամսական անվանական եկամուտը 1 շնչի հաշվով կազմել է 58607 դրամ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 42103 դրամ։

popul-spending

Սակայն տարբերությունը միայն քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև չէ։ Պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է նաև եկամուտների վիճակագրությունը՝ ըստ 10 դեցիլային խմբերի (ամենաքիչ եկամուտ ունեցող առաջին խմբից՝ մինչև ամենաշատ եկամուտ ունեցող տասներորդ խումբ)։

2015 թվականին պատկերն այսպիսին է. բնակչության ամենաապահովված խմբում 1 շնչի հաշվով միջին ամսական եկամուտը կազմել է 168.6 հազար դրամ, իսկ առաջին՝ սոցիալապես ամենախոցելի խմբում՝ շուրջ 10.3 հազար դրամ։

Այսինքն, ամենահարուստ 10% տնային տնտեսությունների եկամուտը 16.37 անգամ մեծ է ամենաաղքատ 10% բնակիչների եկամուտներից։

popul-income

Սա խոսում է եկամուտների բևեռացման խորության մասին։

Ընդ որում, նախորդ տարվա՝ 2014-ի համեմատ, այդ բեևռացումը փոքր-ինչ թուլացել է (2014-ին այդ ցուցանիշը 16.37 անգամ էր)։ Սակայն 2013 թվականի համեմատ՝ եկամուտների տարբերությունը զգալիորեն մեծացել է. 2013 թվականին ամենաապահովված խմբի 1 շնչին ընկնող ամսական եկամուտը (130.6 հազար դրամ) ամենախոցելի խմբի եկամտից (8.46 հազար դրամ) մեծ էր 15.4 անգամ։

Այսքանը՝ եկամուտների մասով։ Իսկ ինչ մեծություն և կառուցվածք ունեն բնակչության ծախսերը։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականին մեկ տնային տնտեսության հաշվով միջին ամսական անվանական ծախսերը կազմել են 148616 դրամ։ 2014 թվականի համեմատ՝ ամսական ծախսերն ավելացել են 3400 դրամով կամ 2.3%-ով։

Սպառման գլխավոր ուղղությունը սննդամթերքն է։ 2015 թվականին բնակչության ամսական ծախսերի 42.3%-ը բաժին է ընկել սննդամթերքին։ Այդ թվում, գնված սննդամթերքին ուղղվել է 51198 դրամ կամ 34.4%, իսկ չգնված սննդամթերքի գծով ծախսերը կազմել են 11778 դրամ կամ 7.9%։

Տնային տնտեսությունների ծախսերի երրորդ խոշոր ուղղությունը ծառայություններն են։ 2015 թվականի ընթացքում տնային տնտեսությունները ծառայությունների ձեռքբերմանն ուղղել են ամսական 50052 դրամ, որը կազմում է ընդհանուր ամսական ծախսերի  33.7%-ը։

Ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանն ուղղվել է 27991 դրամ (18.8%)։ Ծխախոտի ձեռքբերմանը բաժին է ընկնում ամսական ծախսերի 3.3%-ը (4900 դրամ), հանրային սննդին՝ 1.3%-ը (1874 դրամ)։

Ալկոհոլային խմիչքների վրա տնային տնտեսություններն ամսական ծախսում են 823 դրամ, որը կազմում է ամսական ընդհանուր ծախսերի 0.6%-ը։

Հրապարակումը փոքր-ինչ ուրախ նոտայով ավարտելու համար նշենք, որ ալկոհոլային խմիչքների վրա կատարված ծախսերը վերջին տարիներին կրճատվել են (2012 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 881 դրամ)։

Տեսանյութեր

Լրահոս