Ապրիլյան պատերազմի օրերին զոհված սպային երեխա է ծնվել
Ստեփանակերտի ծննդատանն այսօր առավոտյան ծնվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված Գեղամ Մկրտչյանի բալիկը:
«Արցախպրես»-ի թղթակիցն անձամբ տեսակցել է Գեղամի կնոջը՝ Անուշին և նորածին երեխային՝ Էլմիրային:
«Երբ մենք իմացանք, որ երեխա ենք ունենալու, Գեղամն ասաց, որ եթե աղջիկ ծնվի, անվանակոչենք Էլմիրա: Այդ ժամանակ չգիտեինք երեխայի սեռը: Դեպքից հետո ես էլ մտածում էի, որ եթե տղա լինի, Գեղամի անունը կդնեմ»,- նշել է Անուշը և տեղեկացրել, որ երեխան ծնվել է 3.700 կգ քաշով և 51 սմ հասակով:
«Անբացատրելի ուրախություն է այս պահին ինձ մոտ, չեմ կարողանում բառերով արտահայտել: Երևի Աստված ինձ հնարավորություն է տվել մայրանալու բերկրանքը զգալ, ու իմ փոքրիկ Էլմիրաս սփոփի իմ ցավերն ու ապրումները: Ուզում եմ, որ այլևս պատերազմ չլինի, ու մեր բալիկները ապրեն խաղաղ երկնքի տակ»,- ասել է Անուշը:
Անուշի խոսքով՝ նրան, որպես զոհվածի այրի, կառավարությունը բնակարան է տրամադրել, որտեղ կապրի իր փոքրիկի հետ միասին, իսկ մի քանի տարուց հետո էլ նա նորից կշարունակի իր աշխատանքը՝ ծառայելով պաշտպանության բանակում:
Հիշեցնենք, որ Անուշն ու Գեղամը ապրիլյան պատերազմից 6 ամիս առաջ էին ամուսնացել: Հանդիպել էին զորամասում, որտեղ երկուսն էլ ծառայում էին: Գեղամ Մկրտչյանը զոհվել է Թալիշի պաշտպանության դիրքերում ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը: Մայիսի 28-ին ՀՀ նախագահը Անուշին է հանձնել ամուսնուն հետմահու շնորհված «Արիության մեդալը»: