«Հայաստան վերադառնալուց հետո՝ էկոնոմ և բիզնես դասերի տոմսերի տարբերությունը Վարդան Արամյանը վճարել է ՀՀ ՖՆ աշխատակազմի հաշվապահություն»
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանում են տրամադրել «Արմենպրես»-ին, որում նշվում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած տեղեկատվությունը ճշգրտման կարիք ունի:
«Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱՄՆ մեկնել է մասնակցելու երկու միջոցառումների. առաջինը`Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին, իսկ երկրորդը` Նյու Յորքի «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար (հիմք՝ ՀՀ վարչապետի «Պատվիրակություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» 2016 հոկտեմբերի 3-ի N 899 – Ա որոշում):
Համաձայն Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանոնների՝ տարեկան համաժողովներին մասնակցելու համար հրավիրող կողմը իրականացնում է մասնակից կառավարիչների (փոխկառավարիչների) որոշակի ծախսերի փոխհատուցում: Այդ իսկ պատճառով և նկատի ունենալով, որ չվերթը Երևանից դեպի Նյու Յորք, ապա գնացքով Վաշինգտոն տևել է ավելի քան 25 ժամ՝ ձեռք է բերվել բիզնես դասի տոմս, որի արժեքը նշված է հրապարակման մեջ:
Հայաստան վերադառնալուց հետո՝ էկոնոմ և բիզնես դասերի տոմսերի տարբերությունը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից վճարվել է ՀՀ ՖՆ աշխատակազմի հաշվապահություն՝ ՀՀ պետբյուջե վերադարձման նպատակով (հիմք՝ մուտքի օրդեր N 101, 14.10.2016):
Հ.Գ. հիշատակման արժանի է փաստը, որ տվյալ գործուղման շրջանակում միջոցները խնայողաբար օգտագործելու նպատակով նախարար Վարդան Արամյանը նախընտրել է Նյու Յորք-Վաշինգտոն-Նյու Յորք երթուղին իրականացնել ոչ թե ինքնաթիռով (ինչը հնարավոր էր), այլ՝ գնացքով, որն էլ անհամեմատ էժան է: Ավելին, նախարար Վարդան Արամյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ այդպիսով չօգտագործելով մեկօրյա գիշերավարձի և օրապահիկի հասանելիք բյուջետային միջոցները: Հետևաբար, վերոհիշյալ հրապարակման ձևակերպումը («Ճոխ թռիչք»), մեղմ ասած, պատշաճ չէ առկա փաստերի պարագայում»,-նշում են նախարարությունից: