«Խի՞, դրանք տարբեր են». ՀՀԿ-ի հիմնադիրը չի իմացել հանրապետականության և ժողովրդավարության տարբերությունը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մի ուշագրավ պատմություն պատմեց ՀՀԿ-ի ձևավորման վերաբերյալ։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և իր թիմի՝ ՀՀԿ-ին անդամագրվելով՝ պառակտում լինի կուսակցությունում։
Ա. Ադիբեկյանը նախ՝ ասաց, որ, եթե իմանաք ՀՀԿ-ի ձևավորման պատմությունը, նման հարց ձեզ մոտ չի ծագի. «Դա չի եղել կամավորական շարժման արդյունք, որը դարձել է կուսակցություն, նա ստեղծվել է կոնկրետ մեկ կամ մի խումբ անձանց կողմից։ Երբ Աշոտ Նավասարդյանը համագումար արեց, ստեղծեց ՀՀԿ-ն, հաջորդ օրը հանդիպեցի, հարցրեցի՝ ինչո՞ւ ես անունը դրել Հանրապետական, ասեց՝ «դե, կոմունիստական կա, սոցիալիստական կա, դեմոկրատական կա, հանրապետական չկա»։ Ասեցի՝ գիտե՞ս տարբերությունը հանրապետականության և ժողովրդավարության, ասեց՝ «խի՞, դրանք տարբեր ե՞ն»: Ասեցի՝ այո, ասեց՝ «կհավաքեմ բոլորին, մի հատ դասախոսություն կարդա», բայց ավաղ, դա տեղի չունեցավ»։
Քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ կարծիք հայտնեց, որ Կարեն Կարապետյանն իր թիմով ՀՀԿ-ում որակապես այլ միջավայր կստեղծի. «Եթե չկարողանար, նա այն մարդը չէր, որ հենց այնպես գար ու մտներ այս խաղի մեջ և ինչ-որ մի բան աներ, ի՞նչ է, ընկել էր իր անվան հետևի՞ց, Մոսկվայում իր աթոռը թողած՝ պետք է գար պարտադիր սրանց հետ ճակատամարտի մտնե՞ր։ Համաձայն եմ, որ այստեղ խնդիր համար առաջինը նա է, թե ինչպես կդիմակայի նոր ուժին ՀՀԿ-ի առանցքը։ Նայում եմ համացանցին, հեռուստատեսությանը, որոնք մեկ մարդու են պատկանում, այնքան էլ լավ տրամադրված չեն, այսինքն՝ բախումները դեռ առջևում են, մենք դեռ ամիսուկես հետո դա կտեսնենք։ Մյուս կողմից էլ՝ Կարեն Կարապետյանի թիկունքում կանգնած է ժողովուրդը»։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ ներկայացրեց՝ ինչ է իրենից ներկայանցում ՀՀԿ-ն. «Օրինակ, ԵՏՄ մտնելուց՝ ՀՀԿ-ի լիդերներն ընդամենը 2-3 օր առաջ խոսում էին, որ մենք գնում ենք ԵՄ։ Նույն օրը, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ստորագրում էր ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, Գալուստ Սահակյանն ասում էր, որ գնում են Եվրոպա։ Դա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ում միայն մի մարդ գիտի՝ ինչ է կատարվում, այսինքն՝ մնացածին ուղղակի տեղյակ են պահում։ Հիմա այդ տեղյակ պահվողներն ինչո՞ւ պետք է պառակտվեն»։